1 մլն. մարդ երկրի ներսում, 9 մլն.-ը դրսում, ե
թե սրան ավելացնենք նաև միլիոնավոր կիսաձուլված հայեր՝ Թուրքիայում և այլուր, ապա պատկերն ավելի արտահայտիչ կլինի, մեր ազգային գլխավոր ողբերգության յուրահատկությունը նույնպես: Իսկապես, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է: Կա՞ կամ երբևիցե եղե՞լ է նման իրավիճակում հայտնված մեկ այլ ժողովուրդ, չգիտեմ, սակայն մի բան ակնհայտ է, որ եթե այս իրավիճակի վերջը չտրվի, իրավիճակը հաստատ մեր վերջը կբերի:

Շատ ենք խոսել այն մասին, որ անկախությունից հետո Հայաստանի դրածո իշխանությունները Սփյուռքի մասին հատուկ օրենք և պետական մակարդակով ներգաղթ կամ «բաց դռների քաղաքականություն» վարելու փոխարեն ամուր փակեցին սեփական հայրենիքի դռները աշխարհասփյուռ հայության երեսին: Մինչդեռ ամենապարզ տրամաբանությունը հուշում էր, որ Սփյուռք ունեցող որևէ նորանկախ երկրի իշխանություն պետք է  օգտագործեր իր ժողովրդի ամբողջ ներուժը՝ շնորհելով նրան քաղաքացիություն, արժանացնելով սեփական հայրենիքի վերակառուցման պատվին:

Եթե հայրենաբնակ մեր ժողովուրդը կամ  նրա զգալի մասը չգիտակցի իր իշխանությունների ազգադավ այս քաղաքականությունը և դատապարտելու փոխարեն ինքը շարունակի հեգնանքով, արհամարանքով, նույնիսկ վիրավորանքով վերաբերվել ճակատագրի բերումով աշխարհացիր եղած իր ազգակիցների նկատմամբ, ապա կորուստը լինելու է երկկողմանի անփոխարինելի՝ հայության զույգ հատվածների համար: Առօրյա կյանքում, մամուլում, համացանցում շատ ենք հանդիպում սփյուռքահայության հասցեին արված վիրավորանքներ՝ հատկապես համարելով նրանց «հայրենիքից թռածներ»: Շատ գրագիտություն, խելք և գիտակցություն պետք չի հասկանալու համար, որ այդ «կոչմանը» կարելի է արժանացնել միայն ու միայն երկրից փախած այն հատվածին, որը դրսում ամբողջովին մոռացավ իր հայրենիքն ու ժողովրդին, կտրվեց ամեն ինչից ու ընկավ  սոսկ սեփական հաճույքների հետևից: Մի անգամից ասենք, որ հայերի այս կատեգորիան մեծ թիվ չի կազմում և արտագաղթածների հիմնական հատվածը հասել է իր հայրենիքին ու ժողովրդին՝ ինչով կարողացել է: Հանուն ճշմարտության ասենք նաև, որ «թռածները» քիչ չեն նաև հենց  երկրի ներսում, որոնց կյանքում սեփական մորթուց բացի ոչինչ չի հետաքրքրում:

Դարերով պետականազուրկ հայության համար աշխարհով մեկ թափառելը եղել է գոյության խնդիր և հայապահպանման ՄԻԱԿ և ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ձևը: Սփյուռքի այս հատվածին ևս ինքնաբերաբար «թռածների» կարգավիճակին արժանացնելը, ոչ միայն տգիտություն և անգրագիտություն է, այլ նաև խղճին է դեմ: Նմանատիպ վերաբերմունքի պատճառով ամեն ինչով հայրենիքին թիկունք կանգնած Սփյուռքը ևս աստիճանաբար հիասթափվում է հայրենիքից, օտարանում ու դառնում է անտարբեր: Եթե հայության զույգ հատվածներում ի հայտ չգան ազգակործան այս վտանգը հասկացող լուրջ մարդիկ և կազմակերպված, համակարգված աշխատանք չտանեն վերահաս վտանգը կանխելու, ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, մեր բանը բուրդ է լինելու: 

1 մլն.ներսում, 9-ը դրսում: Սա կատարյալ աննորմալություն է, տկարամիտն անգամ կհասկանա, որ սա մեր ՎԵՐՋՆ Է և ոչ մի թշնամու միջամտություն պետք չէ դրա համար: Ես զարմանում եմ, որ մեր ժողովուրդը, մանավանդ բանիմաց ու հասկացող անհատները, այս ճակատագրական, ողբերգական հարցից զատ այլ «բաներով» են զբաղված: Ստիպված ենք հասկանալու, որ 1 մլն-ը, այն էլ նորացվող «գաղութում» երկար չի ձգի, իսկ եթե Հայաստանին մի բան եղավ, Սփյուռքը մեկ սերունդ չի ձգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել