Այս հարցը չունի միանշանակ պատասխան:
Իշխանություններն ասում են՝ ոչ, ավելին՝ Սերժ Սարգսյանը չսպասեց անգամ օրինական դատավճռի կայացմանը ու Կոլումբիայի համալսարանում Շանթին ու մյուսներին «կնքեց» «հանցագործ» բառով:
Ընդդիմությունն ասում է, որ քաղկալանավորներ կան՝ վկայակոչելով ԵԽԽՎ համապատասխան բանաձևը: Բնականաբար, քաղբանտարկյալ են համարվում Շանթ Հարությունյանն ու նրա ազատազրկված կողմնակիցները:
Հասարակության զգալի հատվածին, ինչքան ես եմ հասկացել, այս հարցը բացարձակապես չի հետաքրքրում:
Ձերբակալության պահին ես Շանթենց քաղկալանավոր չեմ համարել՝ անընդունելի համարելով նրանց պայքարի մեթոդներն ու կարծիքս այսօր էլ չեմ փոխել: Բայց իշխանությունը հաշվեհարդարի իր քաղաքականությամբ՝ Շանթի ու մյուսների գործը քաղաքականացրեց. տղաները ոչ ադեկվատ դաժան պատժվեցին իրենց քաղաքական հայացքների համար:
Ես նույնիսկ կասեի, որ «Նոյեմբերի 5»-ի գործով ազատազրկվածները դիսիդենտներ են, որովհետև նրանց ոդիսականը շատ նման է սովետական այլախոհների պատմությանը:
Հայաստանը, դասական իմաստով, ավտորիտար երկիր չէ, բայց նաև չենք կարող խոսել կայացած ժողովրդավարության մասին, երբ մարդն ու նրա ազատությունները գերագույն արժեք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել