Հարցն ուղարկել է Լուսինեն՝ 29 տարեկան.

Բարև Ձեզ, արդեն 6 տարի է՝ ամուսնացած եմ, ու ամեն ինչ հրաշալի էր, մինչև մեկ տարի առաջ ծնվեց առաջնեկս, ինչից հետո մենք դադարեցինք միմյանց հասկանալ։ Նրան թվում է, թե ես անտեղի բշտում եմ իրեն, իսկ ես ընդամենն ուզում եմ, որ նա ինձ ու մեր երեխային ժամանակ հատկացնի։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք, թե ինչպես հարթել այս վիճակը ու վերականգնել ներդաշնակությունը հարաբերություններում։

Պատասխանում է հոգեբանը. 

Հարգելի Լուսինե, այն, ինչ Դուք եք հիմա զգում, ծանոթ է շատ կանանց՝ ամուսնության առաջին տարիներից. հիասթափություն, վիրավորանք, տարակուսանք… Բայցևայնպես, 6 տարի տևողությամբ ամուսնական կյանքի փորձը պետք է, որ Ձեզ հուշի, որ, դժբախտաբար, ամուսնական կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է լինում, բայց Դուք արդեն գիտեք նաև, որ դա նորմալ է, և անհարթությունները կարելի է կարգավորել։

Պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ այնպես է լինում, երբ կինն ավելի շատ ուշադրություն է ակնկալում ամուսնուց՝ իր և երեխայի հանդեպ, մինչդեռ ամուսինը հակված է համարելու, որ ինքն արդեն իսկ բավարար ուշադրություն, ժամանակ և էներգիա է տալիս իր ընտանիքին և անկեղծորեն չի հասկանում, թե ինչում է կնոջ խնդիրը։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ իրավիճակ է Ձեզ մոտ ու պարզապես կարող եմ երևակայել տարբեր տարբերակներ. գուցե Ձեր ամուսինն այլ հայացքներ ունի ընտանեկան կյանքի և իր դերի վերաբերյալ, իսկ Դուք՝ այլ, կամ էլ գուցե նա տվյալ պահին ինչ-որ բանի միջով է անցնում ու, կոպիտ ասած, իրեն հիմա այս հարցը 15-րդական է թվում։

Ինչպես ասեցի, սրանք զուտ մտավարժանքներ են, քանի որ չեմ տիրապետում անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը։ Ամեն դեպքում, Դուք պետք է երկու բան հիշեք.

- Կա ընտանեկան ճգնաժամ հասկացողություն, ու այդ ճգնաժամերը բնականոն են և կարելի է ասել՝ անխուսափելի։ Միևնույն ժամանակ, ամեն հաղթահարված ճգնաժամից հետո ամուսիններն ավելի են մտերմանում, իսկ նրանց հարաբերություններն ավելի են ամրանում։

- Հարաբերությունները միշտ էլ կախված են ներգրավված երկու կողմերից, և կողմերից յուրաքանչյուրն ինչ-որ բան ներդնում է այդ հարաբերությունների մեջ և ինչ-որ բան ստանում այդ հարաբերություններից, իսկ այդ հարաբերությունների պահպանման և բարեկարգման պատասխանատվությունը կողմերը կիսում են իրար մեջ։

Ուստի, կոնկրետ խորհուրդ կարող եմ տալ Ձեզ. Դուք պետք է փորձեք ԼՍԵԼ ու ՀԱՍԿԱՆԱԼ միմյանց, իսկ որպեսզի դա հնարավոր լինի, Դուք պետք է ԽՈՍԵՔ, ինչը ոչ թե բողոքների տարափ տեղացնելով պետք է արտահայտվի, այլ լինի հանգիստ ու կշռադատված ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, որի ժամանակ յուրաքանչյուրդ կկարողանա ասել, թե ինչ է ուզում հարաբերություններից, ընտանիքից, ինչպիսին է իր դերը՝ Ձեր ընդհանուր հարաբերություններում, ինչ կարող է տալ, իսկ ինչ չի կարող… մի խոսքով՝ փորձեք ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ։

Երբեմն, սակայն, լինում է այնպես, որ զույգն ինքնուրույն ի զորու չէ դա անել, թեև անկեղծորեն ուզում են։ Դա կարող է լինել նրանից, որ իրավիճակը չափազանց է լարվել՝ խոսելու համար, կամ էլ նրանց հարաբերություններում պարզապես նման մշակույթ չկա։ Նման դեպքում ես խորհուրդ կտայի դիմել կողմնակի անձի՝ հոգեբանի օգնությանը, բայց մինչև ցանկացած քայլ ձեռնարկելը, սիրելի Լուսինե, փորձեք ազնվորեն ու անկեղծությամբ պատասխանել հետևյալ հարցերին.

- Ի՞նչ եք ուզում Դուք ընտանիքում ու ի՞նչ եք պատրաստ անել դրա համար։

- Ո՞րն է Ձեր կանացի դերն ընտանիքում։

Հոգեբանին հարցեր կարող եք ուղղել նաև Դուք՝ ուղարկելով Ձեր հարցերը [email protected] հասցեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել