Արդեն մի քանի օր ողջ հայկական համացանցը ողողվեց տեղեկությամբ, որ հոկտեմբերի 31-ին Երևանում երիտասարդները կնշեն Հելոուինը: Ու միանգամից շատերի մոտ կծագի հետևյալ հարցը.
-Իսկ դուք գիտե՞ք Հելոուինի պատմությունը, ի՞նչ է այն խորհրդանշում և այլն:
Կարծում եմ, երիտասարդության մի զանգված, որն իրոք հետաքրքրված է այս տոնով, բավականին ինֆորմացված պետք է լինի, ԲԱՅՑ ...
...Բայց, այնուամենայնիվ, եթե պետք է արվի մի բան, որն իրականում շա՜տ թերություններ է ունենալու և այնքան էլ նման չի լինելու «օրիգինալին», ավելի լավ է չարվի: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դրսում կախարդի կամ վամպիրի հագուստով երեխայի կամ երիտասարդի տեսնելիս գործ տվողները կզանգեն ոստիկանություն, ընգնավորները՝ հոգեբուժարան, իսկ քաղաքագետները կմտածեն, թե նոր ընդդիմադիրներ են հայտնվել: Բավական է մի երեխա ծեծի պատահական մեկի դուռն ու ասի «Խորամանկությու՞ն, թե՞ հյուրասիրություն», և միանգամից պատասխանը հետևյալը կլինի. «Այ մարդ, էս բոմժերն ինչքան են զարգացել, արդեն դիմակներով են գալիս փող հավաքում ...» : 
Մյուս կողմից՝ Հայաստանում ժողովրդի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս Հելոուինին պատրաստվել մեծ շուքով ու իր ողջ շքեղությամբ (Առանց էն էլ հեսա Նոր տարի է, նոր տարի ... ): Ոչ բոլորն են կարողանալու հագնել այդքան գեղեցիկ ու տպավորիչ սարսափելի զգեստներ, դիմակներ, դդումներ գնել, պատրաստել և այլն: Մեր ուժերի մաքսիմումը կլինի հավաքվել Սիրահարների այգում, մի փոքր շրջել քաղաքի կենտրոնով, մի քիչ պարել, ուրախանալ ու ցրվել տներով:
Ստացվեց, որ Հելոուին ՏՈՆԸ վերածվեց փարթի-ֆլեշմոբի, ինչն իրականում ճիշտ չէ: Մենք վերցնում ենք անգլիացիների, իռլանդացիների, ամերիկացիների ու ֆրանսիացիների ՏՈՆԸ ու դարձնում այն փարթի: 
Նույն կերպ պատկերացնենք Վարդավառի մինի նշումը Տանզանիայում ու Սան Մարինոյում: 
Եկեք պարզապես չաղավաղենք ուրիշ ազգերի տոնն ու այս օրը համարենք ժամանակ անցկացնելու, մի փոքր ավելի ուրախանալու և կրեատիվ լինելու օր՝ Երեւանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել