Ես չեմ պարտադրում, թե ով ինչպես պետք է իր օրը տոնի վերածի, ի սեր Աստծո, ապրեք այնպես, ինչպես ուզում եք, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ մենք ավելի գեղեցիկ տոներ ունենք, քան այն օտար, անհասկանալի տոները, որ չհասկանալով կրկնօրինակում են հատկապես երիտասարդները... «Հելոուին»-ը նվիրված է չար հոգիներին, ուրվականներին, հիմա երիտասարդներն անհամբեր պատրաստվում են այդ չար հոգիների անհայտ օրը մեծ շուքով տոնելու: Այն դեպքում, երբ փետրվարին մենք ունենք Սուրբ Սարգսի օրը: Եկեք գոնե այդ գեղեցիկ օրը օտար տոնի հետ չխառնենք: Օտարամոլությունն այնքան է խորը արմատներ գցել մեր մեջ, որ ճշմարիտ քրիստոնեությունից հեռացել ենք, ու եթե մի օր էլ տոնենք մահմեդականների «ռամազանը», չեմ զարմանա: Մենք՝ հայերս, այնքան լավ տոներ ունենք, որ երիտասարդները կարող են մեծ շուքով և գեղեցիկ դիմակահանդեսներով տոնել: Կուզենայի տոներից Բարեկենդանը հիշել, որ մեր ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը, նախկինում մեծ շուքով ու առանձնակի հանդիսավորությամբ են նշել: Իսկ այն երիտասարդները, ովքեր նշանակություն են տալիս «Հելոուինին», «Վալենտինին» ու օրվա առիթով մասնակցում են ինչ-որ անհայտ միջոցառումների, եթե հարցնես այդ տոնի խորհուրդը, բնականաբար, բերանները ջուր առած, աչքերը վրադ չռած քեզ կնայեն: Այսինքն՝ այդ «Հելոուին», «Վալենտին» կոչված տոները կարկատանի նման մի բան են դարձել, որը փաթաթել են մեր ժողովրդի վզին, իսկ շատերն էլ գրկաբաց ընդունել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել