Երբ բազմաթիվ քաղաքներից մարդիկ սկսեցին հավաքվել նրա շուրջը, և խուռն մի բազմություն հավաքվեց, Հիսուսը հետևյալ առակը պատմեց նրանց.
-Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Սերմանելու ժամանակ սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի եզրին ու ոտնակոխ եղան, և երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։ Ուրիշ սերմեր ընկան ժայռոտ տեղի վրա, և երբ բուսան, իսկույն չորացան, քանի որ հողը խոնավ չէր։ Մի քանիսն ընկան փշերի մեջ, և փշերը, նրանց հետ միասին բուսնելով, խեղդեցին դրանց։ Իսկ ուրիշ սերմեր էլ ընկան լավ և պարարտ հողի մեջ և բուսնելով՝ հարյուրապատիկ պտուղ տվեցին։
Այս առակը պատմելուց հետո նա ասաց.
-Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Աշակերտները հարցրին Հիսուսին, թե ի՛նչ է առակի իմաստը։ Հիսուսը պատասխանեց.
-Դուք պետք է գիտենաք Աստծու արքայության գաղտնիքները, բայց ուրիշներին առակներով կհայտնվի, այնպես որ՝ «նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան»։
Իսկ առակի իմաստը հետևյալն է. սերմը Աստծու խոսքն է։ Ճանապարհի եզրին գտնվող հողը պատկերն է այն մարդկանց, որոնք լսում են, բայց Սատանան գալիս ու նրանց սրտից հանում է Աստծու խոսքը, որպեսզի չհավատան և չփրկվեն։ Ժայռոտ հողը նման է նրանց, որոնք երբ լսում են Աստծու խոսքը, ուրախությամբ ընդունում են այն. սակայն սրանք արմատ չունեն, այսինքն՝ հավատում են մի որոշ ժամանակի համար, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդկանց, որոնք լսում են Աստծու խոսքը, սակայն երկրային կյանքի հոգսերը, հարստությունը և հաճույքները, որոնցով ապրում են, խեղդում են նրանց մեջ ընկած սերմերը, և անպտուղ են դառնում։ Իսկ պարարտ հողը նման է այն մարդկանց, որոնք բարի և ուրախ սրտով լսում են Աստծու խոսքը, ընդունում են այն և հարատևելով՝ պտուղ են տալիս։
(Ղուկասի ավետարան 8:4-15)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել