Tert.am-ը գրում է․

Ոչ միայն Ղրիմը, այլ նաև հետխորհրդային տարածքում որևէ նման հակամարտություն չունի միջազգային իրավական այն բազան, որն ունի Ղարաբաղը, որն Ադրբեջանից անջատվել է այն ժամանակվա գործող իրավական դաշտի համաձայն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարությանը, որ չպետք է համեմատել Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը:

Նա նշեց, որ կան քաղաքագետներ, որոնք գտնում են, որ Ղրիմի և Արցախի միջև նմանություններ կան, իսկ որոշներն էլ հակառակն են կարծում, և դա կապված է տվյալ մարդու քաղաքական դիրքորոշումների հետ և չի առնչվում ԼՂ հակամարտությանը:

«Եթե համեմատենք այն հանգամանքը, որ Ղրիմում էլ է եղել հանրաքվե Ղրաբաղում էլ, ապա նման են: Սակայն ԼՂ կոնֆլիկտի առումով Ադրբեջանը չի ունեցել որևէ իրական վերահսկողություն ԼՂ տարածքի վրա` դեռ սովետական շրջանի վերջից, իսկ Ղրիմը եղել է Ուկրաինայի մաս: Մենք ունենք նմանություններ և տարբերություններ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից կողմնապահությանը, ապա քաղաքագետը նշեց, որ կողմնապահությունը դա քաղաքականության հոմանիշն է, և եթե վաղը Ռուսաստանի շահերից բխի ինչ-որ նմանություններ տեսնել, ապա կտեսնեն: «Յուրաքանչյուր արտաքին քաղաքականության մեջ կողմնապահություն կա»,- նշեց նա:

Ըստ նրա՝ մենք այլ կերպ չէինք կարող անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ 1992 թվականի մարտից, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի անդամ, բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին, ռազմաքաղաքական դաշինքներին և Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է իր տարածքի շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՀՀ տարածք չէ:«Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը վերջնական նպատակ չէ, այլ միջոց է ավելի լայն գործընթացի հասնելու»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև հավանական մաքսակետին, ապա նա ասաց, որ դա ոչ մի նշանակություն չունի, որովհետև դա չի էլ աշխատելու, եթե նույնիսկ ֆորմալ առումով այդ մասին հայտարարվի: «Այս ձևով անդամակցելն ամենաանվտանգ տարբերակն էր»,-ասաց նա:

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը նշեց, որ ինչպես ժամանակին Նիկիտա Խրուշչովը կամայականորեն Ռուսաստանի պատմական հողերը տվեց Ուկրաինային, նույնչափ կամայականորեն ժամանակին քաղբյուրոյի որոշմամբ Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին: «Այդ տեսակետից որևէ տարբերություն չկա: Այնպես որ, օրինական ոչ այն տարածքն էր Ուկրաինայի մեջ, ոչ էլ օրինական էր Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկելը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել