Նախագահ Սարգսյանը մասնակցել է Հորդանանի Սբ Կարապետ նորակառույց եկեղեցու օծմանըArmnewsTV.am-ը գրում է.

Սրանից մոտ 2000 տարի առաջ այս վայրում Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Սա աշխարհի ամենացածրադիր վայրերից մեկն է, բայց ամենամոտն է երկնքին, որովհետեւ այստեղ միացան Հայրը, Որդին ու Սուրբ հոգին: Առնվազն 4 հիմնավորում կա, որ Սուրբ Հովհաննեսն իրոք Հորդանան գետի հենց այս հատվածում է մկրտել Հիսուս Քրիստոսին: Ըստ Մկրտության տեղանքի հանձնաժողովի տնօրենի օգնական Ռոստոմ Մխջյանի` սա քրիստոնյա աշխարհի համար ամենակարեւոր 3 վայրերից մեկն է:

Հորդանան գետի ափով մեկ, համաշխարհային սրբավայրով շրջելիս Սերժ Սարգսյանին ուղեկցում էր Հորդանանի զբոսաշրջության նախարար Նիդալ ալ-Քաթամինը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը Տիգրան Մեծից ու Կիլիկիան Հեթում թագավորից հետո Հայաստանի երրորդ ղեկավարն է, որ լվացվեց Հորդանանի ջրով:

Վերջին շրջանում Հորդանանի կառավարությունը քրիստոնյա 16 ազգերի հողատարածք է տրամադրել գետի մոտ, որպեսզի ամեն մեկն իր եկեղեցին կառուցի եւ վայրը դառնա բազմամշակույթ բաց թանգարան երկնքի տակ: Իհարկե, գլխավոր նպատակը զբոսաշրջության զարգացումն է: Հայկական համայնքը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Կարապետ: Եկեղեցին օծեցին հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը այցելեց Հորդանան: Բակում սպասում էին և հոգեւորականները, եւ հայ համայնքի ներկայացուցիչները: Հորդանանահայերն ու Նախագահ Սարգսյանը միասին աղոթեցին ու մոմ վառեցին նորակառույց եկեղեցում: Հենց այստեղ էլ ավարտվեց Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Հորդանանի թագավորություն:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել