ԲՀԿ էլիտան, նպատակ ունենալով արդարացնել «համաժողովրդական շարժման»` իրեն վերագրվող առաջնորդության դերակատարությունը, առատորեն հրապարակում է հարցազրույցներ, որտեղ փորձում է դրսևորել իր նախաձեռնողականությունը և լոկոմոտիվային նշանակությունը: Գագիկ Ծառուկյանին վերագրված վերջին հարցազրույցում ևս ԲՀԿ առաջնորդը փորձել է հնարավորինս մատչելի ներկայացնել Հայաստանի առջև առկա տնտեսական ու սոցիալական խնդիրները և նույնիսկ վստահեցրել է, որ ունի այդ բոլոր խնդիրների լուծման բանալիները. «Գագիկ Ծառուկյանը շատ լավ պատկերացնում է այդ քայլերը և հանգիստ կարող է թվել դրանք»:

Բնական է, որ քաղաքական ուժը և, բնականաբար, նրա առաջնորդը պետք է ունենան որոշակի տեսլականներ` երկրի զարգացման քաղաքականություն մշակելու և դրա իրագործման մեխանիզմների կիրառման համար: Սակայն այստեղ հետաքրքրականն ու տարօրինակն այն է, որ Գագիկ Ծառուկյանն իր կողմից առաջարկվող (եթե չասենք` խոստացվող) բարեփոխումներով հանդես գալով՝ միանգամից երկու քայլով հետ է ընկել ոչ ավել, ոչ պակաս` գործող կառավարությունից: Որո՞նք են այդ երկու քայլերը:

Եթե Գագիկ Ծառուկյանի` նախընտրական խոստումների նմանվող հարցազրույցից ու որպես փրկություն առաջարկվող քայլերից անջատում ենք պոպուլիստական պաթոսը, ապա այնտեղ մնացած առաջարկությունները պարզապես դառնում են գործող կառավարության և, մասնավորապես` վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախատեսած ծրագրերի ու առաջարկությունների հայելային նմանակումը: Իսկ եթե փորձենք համեմատել ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանի ելույթը և վերոնշյալ հարցազրույցը, ապա նմանությունների տեսանկյունից արդյունքները զարմացնող կլինեն:

Գագիկ Ծառուկյանը Հայաստանի տնտեսության համար առավել անհետաձգելի է համարում հատկապես գյուղի և գյուղատնտեսության խնդիրները և ասում է, որ «գյուղացուն պետք է օգնել սերմնացուով, վառելիքով, տեխնիկայով, դեղերով, բանկերի տոկոսներից ազատելով» և այլն: «Ուզում եմ հատկապես շեշտել գյուղի և գյուղացու կյանքի բարելավման խնդիրը… Գյուղում ավելացնելու ենք աջակցությունը, ամրապնդելու ենք կարողությունները: Ավելացնելու ենք թե´ առկա գործիքներով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծավալները (պարարտանյութ, սերմացու, վառելիք, վարկավորման սուբսիդիաներ), թե´ գործարկելու ենք նոր մեխանիզմներ (սուբսիդիաներ, դրամաշնորհներ)». այս վերջին մեջբերումը ելույթից է, որը Հովիկ Աբրահամյանն ունեցել է ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: Նման ծրագրերի կրկնումով ԲՀԿ առաջնորդն արդեն իսկ մեկ քայլով հետ է ընկնում, քանի որ դրանք արդեն հռչակված և գործարկված են ու այլևս նորույթ չունեն իրենց մեջ:

Երկրորդ քայլը, որով հետ է ընկել ԲՀԿ-ն, այն է, որ գործող կառավարությունը գործնական քայլեր է իրականացրել ու իրականացնում այն ծրագրերի ուղղությամբ, որոնց մասին ԲՀԿ-ն դեռ խոսում է: Մասնավորապես` 2015թ-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետը նշել է, որ «բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ՝ հասցնելով այն 6 տոկոսի և ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի դիմաց 2015 թվականին հատկացնել 1.163.0 մլն դրամ»: Բացի սրանից՝ կառավարությունը նախատեսել է նաև չորս ջրամբարների` Կապսի, Վեդու, Եղվարդի և Մաստարայի նախագծման ու կառուցման աշխատանքները, որոնք կարևորագուն նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման համար: Պետք չէ նաև մոռանալ, որ վարչապետի նախաձեռնությամբ ներկայումս հաստատման փուլում է գտնվում սահմանամերձ 30-ից ավել գյուղերին արտոնություններ տալու նախագիծը:

Խոսելով արտասահմանյան ներդրումների ներգրավման խիստ անհրաժեշտության մասին՝ Գագիկ Ծառուկյանը կրկին նորույթ չի մտցնում ավանդական խոստումների ձևաչափում: Այստեղ նա կրկին հետ է ընկնում, քանի որ կառավարության ղեկավարը, շեշտելով ներդրումների կարևորությունը, առաջարկել է, օրինակ` ձևավորել Համահայկական ներդրումային հիմնադրամ, ինչը համեմատաբար առավել իրատեսական նախագիծ կարող է լինել:

Չափազանց հետաքրքիր է նաև «Հայաստանում մենաշնորհներ չպետք է լինեն» խոստումը, որովհետև այն բազմաթիվ մութ հարցեր է առաջ քաշում: Չանդրադառնալով այդ «խորհրդավոր» հարցերին` նկատենք, որ այս երևույթի դեմ ձեռնարկվող քայլերի մասին Հովիկ Աբրահամյանը խոսել էր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, երբ առաջարկել էր ՏՄՊ օրենսդրության հիմքում դնել ոչ թե գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարը, այլ մենաշնորհների սահմանափակումը, ինչը սկզբունքորեն առաջադեմ մոտեցում է:

Ավելորդ համարելով քննարկել` «Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից», «Միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ» և մնացած այլ ֆանտաստիկ առաջարկությունները, պարզապես դրանք դասենք «նախընտրական» խոստումների շարքին, քանի որ ամբողջ Հայաստանը օֆշորային գոտու վերածել ցանկացող այս խոստումները դուրս են տնտեսագիտական դասական ընկալումներից:

Ամփոփելով՝ կարող ենք նկատել, որ սկզբում «այլընտրանքային», հետագայում` «ոչ իշխանական», իսկ այժմ` գրեթե «ընդդիմադիր» քաղաքական դոմինանտ ուժը, ըստ էության, պետք է անի այնպիսի առաջարկներ ու ներկայացնի այնպիսի ծրագրեր, որոնք առնվազն չեն կրկնի ընդդիմադիր այլ ուժերի ծրագրերին: Իսկ գործող կառավարության ծրագրերի կրկնությունը պարզապես անհասկանալի ու անբացատրելի է թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել