Մեր կողքի շենքի բակից դեպի փողոց տանող կարճ ու նեղ ճանապարհի վրա մի փոս կա. վերջին ընտրություններից հետո ասֆալտը քանդվել է, անձրևները փոսիկից մի մեծ ու անհարմար փոս են սարքել, անձրևաջրերն էլ գալիս հավաքվում են մեջն ու օրերով մնում: Այդ նույն բակից այդ նույն ճանապարհով օրական մի քանի տասնյակ մեքենա է դուրս ու ներս անում, և շենքի բոլոր բնակիչները, լինեն վարորդ թե հետիոտն, ուշադիր և դանդաղ շրջանցում են այդ փոսը: Բայց եթե ճանապարհին միաժամանակ պատահում են մարդն ու մեքենան, ապա ճանապարհի նեղ լինելու պատճառով վարորդը կամ պետք է սպասի մինչև մարդն անցնի, կամ էլ մեքենայի նախ առջևի, ապա նաև հետևի ակերով մի լավ դդխկա փոսի մեջ, հետո միայն դուրս գա փողոց: 
Գրեթե բոլոր այդ վարորդներն իրար ճանաչում են, հարևաններ են, երեկոյան շենքի բակում, շատերի պես, միասին հաճելի ժամանակ են անցկացնում նարդու կամ սուրճի սեղանի շուրջ: Բայց գործն այդ փոսի հարցը լուծելուն չի հասնում ու չի հասնում… չի էլ հասնելու: Հենա, ընտրություններին կգան կփակեն էլի, էլ շարքային քաղաքացին իրեն նեղություն ինչի՞ տա: 
Բայց նույն այդ հարևան-վարորդները, և ոչ միայն մեր կողքի, այլև շատ այլ շենքերի, և ոչ միայն վարորդները, երկիրը շողուլի բերելու ձևը հաստատ գիտեն, նույնիսկ ամեն մեկը մի քանի ձև գիտի… 
Չնայած, հենա, ընտրություններ կլինեն, փոսը կփակվի, ընտրվողն էլ կընտրվի, էլի, շարքային քաղաքացին իրեն ինչի՞ նեղություն տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել