Հարցն ուղարկել է Գայանեն՝ 37 տարեկան.

Բարև Ձեզ, տղաս 12 տարեկան է, ու նա փոխվել է։ Սկսել է կամակորություններ անել, ագրեսիվացել է, շորերի վրայից ծխախոտի հոտ եմ սկսել առնել… Գիտեմ, որ նրա տարիքում դա նորմալ է, բայց կուզենայի լսել Ձեր խորհուրդը, թե ինչպե՞ս ավելի ճիշտ վարվել՝ որպես մայր։

Պատասխանում է հոգեբանը. 

Հարգելի Գայանե, Դուք շատ ճիշտ եք՝ դեռահասական ճգնաժամում վարքային շեղումները միանգամայն նորմալ են, եթե իհարկե խոսքը չի գնում ծայրահեղությունների մասին և միանգամայն ճիշտ եք, որ դեռահաս որդու հետ շփման յուրահատուկ ձև է պետք մշակել, եթե այն չկա։ Պետք է հասկանալ, որ դեռահասության ճգնաժամի փուլում երեխայի մոտ սուր ներքին կոնֆլիկտ է ծագում՝ կապված այն ֆիզիոլոգիական և հոգեկան տրանսֆորմացիաների հետ, որոնցով նա անցնում է։ Բացի ներքին կոնֆլիկտից ու տարատեսակ բարդույթներից, որոնք հատուկ են դեռահասությանը, առաջանում է ըմբոստություն՝ շրջակա աշխարհի ու հատկապես մեծահասակների հանդեպ։ Խնդիրը նրանում է, որ դեռահասը ենթագիտակցաբար հասկանում է, որ այլևս երեխա չէ, բայց միևնույն ժամանակ՝ դեռ մեծահասակ էլ չէ։ Նաև սրանով է պայմանավորված վարքային շեղումների մի ամբողջ բույլը, ագրեսիան ու մեծերին հակառակվելու մղումը։

Դեռահասները շատ ցավագին են տանում, երբ հատկապես ծնողներն ու հարազատները նրանց շարունակում են վերաբերվել որպես երեխաների։ Մյուս կողմից, նրանք ձգտում են անել այն, ինչ անում են մեծահասակները՝ աշխարհին իրենց մեծացած լինելն ապացուցելու համար։ Կրկնում եմ, այս բոլորը միանգամայն նորմայի մեջ տեղավորվող երևույթներ են, ու եթե առկա է ճիշտ վերահսկողություն ու մոտեցում, սարսափելի ոչինչ չկա։

Որպես ծնողի՝ խորհուրդ եմ տալիս փոխել Ձեր մոտեցումը և կառավարողի կարգավիճակից անցնել ուղղորդողի։ Մի վախեցեք երեխային ցույց տալ, որ Դուք նրան ընկալում եք որպես անհատականություն ու ինքնուրույն մարդ։ Իհարկե ծայրահեղությունների մեջ ընկնել էլ պետք չէ, բայց ամենաարդյունավետ մոտեցումը այն է, որ Դուք Ձեր երեխայի համար լինեք նաև ընկեր՝ մեծ ընկեր և որ պակաս կարևոր չէ, երեխան հենց այդպես էլ դա ընկալի ու վստահի Ձեզ։ Եղեք նրա հետ անկեղծ, բացատրեք նրան նրա տարիքային փոփոխությունները (ի դեպ, դա իրոք շատ կարևոր է, որովհետև դեռահասները շատ են վախենում նրանից, ինչը չեն հասկանում), ստեղծեք մտերմիկ մթնոլորտ։

Օրինակ՝ վերցնենք նույն ծխելու մասին Ձեր կասկածները։ Եթե Դուք անընդհատ նրան արգելեք ծխել, պատժեք նրան ու քննադատեք, ապա ամենայն հավանականությամբ դա կբերի նրան, որ երեխան ավելի կօտարանա Ձեզանից ու ավելի մոտիվացված կլինի ծխել։ Առավելագույն փոփոխությունը, որ նա կանի՝ պարզապես կսկսի ավելի զգույշ ծխել, որ չբռնվի։ Մոռացեք արգելքների արդյունավետության մասին, դրանց կարելի է դիմել միայն իսկապես ծայրահեղ դեպքերում։ Շարունակելով նույն ծխելու օրինակը՝ կարող եմ օրինակ խորհուրդ տալ, որ ինքներդ մեկ անգամ առաջարկեք նրան ծխախոտ ու եթե համաձայնվի ու ծխի Ձեզ մոտ՝ չսարսափեք, որովհետև այդ պահին Դուք կոտրում եք «արգելված պտղի» կարծրատիպը։ Հետո ազնվորեն, առանց ավելորդ չափազանցությունների, գիտահանրամատչելի լեզվով բացատրեք, թե ինչ վնասներ է բերում ծխելը հետագայում և վերջում արձանագրեք Ձեր դիրքորոշումը. «Ես քեզ չեմ պատրաստվում արգելել անել դա, որոշողը դու ես, բայց ուզում եմ իմանաս, որ դա ինձ հաճելի չի լինի, և ես, իրոք, քեզ խորհուրդ չեմ տալիս»։ Հավատացեք, սա շատ ավելի արդյունավետ միջոց է՝ նրան վնասակար սովորություններից հետ պահելու համար, քան սկանդալներն ու պատիժները։

Հոգեբանին հարցեր կարող եք ուղղել նաև Դուք՝ ուղարկելով Ձեր հարցերը [email protected] հասցեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել