Շվեդիայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինը որպես պետություն: Շվեդիան, հաշվի չառնելով ԱՄՆ ու Իսրայելի հակադրությունը և նույնիսկ հարաբերությունների հնարավոր խզումը, հարգեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Բայց ինչն է հատկանշական, որ Շվեդիայի արգործնախարարությունը հայտնել է, թե Պաղեստինի Ինքնավարությունը համապատասխանում է պետության միջազգային չափանիշներին՝ չնայած, որ այն դեռևս ամբողջովին չի վերահսկում իր տարածքները:

Պետության միջազգային չափանիշները հետևյալներն են՝ տարածք, որտեղ կա մշտական բնակչություն, այն ունի լեգիտիմ իշխանություն, որի յուրիսդիկցիան տարածվում է տվյալ տարածքում, ինչն էլ հանգեցնում է սուվերենության: Չնայած որ Պաղեստինի պարագայում չափանիշներից մեկը, ինչպես նշվել է Շվեդիայի արգործնախարարության կողմից, բացակայում է (տարածքների ոչ ամբողջական վերահսկում, այսինքն՝ իշխանության յուրիսդիկցիան գործում է ոչ լիարժեք), սակայն դա չի խանգարել, որպեսզի Պաղեստինը համարվի պետություն: Եթե զուգահեռ անցկացնենք ԼՂՀ հետ, ապա կտեսնենք, որ ԼՂՀ-ն տիրապետում է վերը նշված բոլոր չափանիշներին՝ ներառյալ տարածքների ամբողջական վերահսկումը (նաև ազատագրված): Ավելին՝ ԼՂՀ-ն ավելի ժողովրդավար երկիր է՝ ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ առումներով, հասարակության քաղաքական համակարգի կայացվածությամբ և այլն, ինչը Պաղեստինի դեպքում դժվար է ասել, հետևաբար՝ ԼՂՀ-ն ավելի «մեծ» իրավունքներ ունի՝ որպես անկախ պետության ճանաչման:

Ընդհանրապես, Շվեդիայի այս քայլը ցույց տվեց, որ պետությունների կազմավորումն ունի յուրօրինակ էվոլյուցիա՝ հիպոթեզային մոտավորապես հետևյալ տեսքով. սեփական իրավունքի իրացման ճանապարհով անկախացած ժողովուրդները ժամանակի ընթացքում կիրառում են պետական կազմավորման սեփական քայլերը, որից հետո սկսում է ձևավորվել սուվերենությունն ու սուբյեկտայնությունը, ինչից հետո այլ միավորների հետ հարաբերությունների հաստատումով, սկսում է պետական կազմավորումից և ինքնորոշման իրավունքի իրացումից անցում կատարվել դեպի միջազգային ճանաչում, որը դառնում է անշրջելի գործընթաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել