63730_731893826864412_65936383584127468_n

Կրթահամալիրի տնօրենը 2014-ին ունի 24 օրվա վճարովի արձակուրդ, որի մի մասը օգտագործում է հիմա. բա էլ ե՞րբ։ Արձակուրդի օրերին ես կարողացա ընտանիքով 3 օրով լինել Արցախում. պատմել եմ: Նախատեսել եմ արձակուրդիս մնացած օրերին նոյեմբերի վերջին, դեկտեմբերի առաջին օրերին քանի օրով մեկուսանալ՝ առողջարանային հանգստի պարտադրանքն ավելի ու ավելի եմ զգում: Ողջ նոյեմբերը, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, անցկացնելու ենք միասին… mskh.am-ում քառալեզու տեղադրված կրթահամալիրի տոնի էջերն իմ կոչի, տոնին ձեր անհատական վերաբերմունքի արտահայտիչն են: Բացի տոնի ընդարձակվող ու մանրամասնվող ծրագրից ի՞նչ փոքր-մեծ նախագծեր կան, որ տոնի շրջանակում սկսել եք իրագործել: Ինչի՞ն սպասել, երբ տոնական նոյեմբեր ամիսն իր իրավունքների մեջ է:

Դավիթ Բլեյանը սկսել է յուրացնել կրթահամալիրի «պարունակությունը» («լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը», ասաց նա հենց այնպես, երբ լեգոների սիրուն թափանցիկ տուփը լցրեց-հավաքեց, որ տանի) խումբ: Մոր հետ լավ կռվեց, չթողեց՝ ո՛չ լողացնի, ո՛չ լվացնի.
- Ես եմ քո վրա ջղայնանում, ես տղա եմ, դու իմ վրա մի՛ խոսա, դու աղջիկ ես…
Հետո, երբ դռնից դուրս եկավ, աստիճաններից նայեցի, փարատվեցին կասկածները, կորցրեց հույսը՝ հայրիկը չի գալիս… Միշտ, աստիճաններով քառատրոփ (տրո՛փ, տրո՛փ, տրո´փ՝ ձիուկի նման միասին ենք իջել)… Եվ գոռաց… Մինչև հիմա նրա «հայրիկը» իմ ականջներում է:

Սա՝ այսօր առավոտյան, երբ կանխազգում էր մեր բաժանումը։ Իսկ երեկ, երբ ես անկողնային ռեժիմում էի, և Դավիթն ու Արմինեն մնացել էին ինձ խնամելու, լսեք՝ ի՜նչ լիարժեք է զգում Դավիթն իրեն, քաղցր-մեղուշ, մեղր է թափում շուրթերից.
- Իմ սիրուն մամա, քո քիթիկն ու թուշիկը ո՞վ ա առել…
- Մայրիկ, վաղը հայրիկը ո՞ւր է գնալու…
- Բոլորս միասին դպրոց ենք գնալու,- մայրիկն է ասում:
- Իմ դպրոցն իմ պարտեզն է, քո դպրոցն ա, Նազոյի, Սոնուլի, Արմենի դասարանն ա, պապայի գործն ա…

Մայրիկը խնդրում է ուշադիր լինել հայրիկի նկատմամբ:
- Գնա, տես հայրիկը ննջարանում ի՞նչ է անում, Դավիթ:
- Մամա (գոռում է ննջարանից, այնպես, որ ես քնի մեջ լսում եմ), հայրիկի աչքերը փակ են, քնած ա… երևի…
Չգիտեմ` «երևի»-ով Դավիթը ինչ է ուզում ասել, բայց հաստատ է, որ առաջին անգամ է հայրիկին քնած տեսնում:

Դավիթն առիթն օգտագործում է, իր մուլտերն է նայում… Մայրը.
- Դավիթ, ավտոմեքենաներդ հավաքի, արի, ճաշդ կեր, մեր տունն ավտոկայանատեղի ես դարձրել…
- Ничего…
- Դավիթ,- իբր  շատ մտահոգ բարձրաձայնում եմ ես, – ի՞նչ անենք քո այս մուլտերի ընկերների հետ. քեզ մեզնից փախցրել են, մնացել ենք առանց Դավիթ…
- Ես հրեշ եմ դառնում՝ Մաշային, արջին, գայլին, նապաստակին ուտեմ…

10710744_731892646864530_4142946363978440263_nԵրեկոյան, երբ ինձ այցելում է իմ Ստեփան եղբայրն իր կնոջ՝ մեր թերապևտ, այնքա՜ն սիրելի Անահիտ հարսի հետ, Դավիթը երանության մեջ է. Ստեփան հորեղբոր հետ շփումը տոն է: Ես վերջում զգույշ հետաքրքրվում եմ իր կարծիքով, իր դիտարկումներով, հո վատ բան չի՞ տեսնում Դավթի խոսքում, գործերում…Ստեփանը.
– Խոսքերը կարևոր չեն, կարևորն օրինակն է, ինչ տեսավ ամեն օր տանը և դպրոցում: Գլխավորը՝ տանը: Դավիթը հերոս է:

Հորեղբոր սիրտ է. ես կուզեմ, որ Դավիթը սովորական մարդու կյանքով ապրի և անսովոր որակներ դրսևորի, առավելագույնս իրացնի իր տաղանդը…

Երբ մարդ «խեղճանում է», ամենամտերիմների կարիքն ավելի է զգում. ես երեկ ամենաշատն ուզում էի Շուշան-աղջկաս տեսնել: Սկայպով խոսում ենք. հմայիչ, մազերը հավաքած, հոկտեմբերի 30-ին համերգի պատրաստվող Շուշան… Համերգը նախաձեռնել է Վիեննայի ուսանողական հանրակացարանների ցանցի վարչակազմը. բազմազգ-մշակութային մի աղցան կլինի: Լավ է, որ Շուշանը մեր «Դեպի բեմ» ճանապարհի վրա է միշտ…

Իսկ, վերջում.
- Դավիթ, Արմինե, հայրիկիս լավ նայեք, հա՜, ես ձեզ առողջ եմ վստահել, որ միշտ գործի մեջ լինի, ոտքի վրա, թե չէ, կգամ կտանեմ իմ հայրկին:

Դավթի պատասխանը դժվար չէ կանխատեսել.
- Գիժ ապուշ ա մեր Շուշոն…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել