Մի լավ խոսք կա, «ոչինչ կատարյալ չէ», բայց միևնույն է, անկատարությունը պետք է սահման ունենա: Ինձ համար հասկանալի չէ, թե ոնց կարող է պատգամավորն իրեն լկտի պահել, կամ ավելին, առհասարակ չպատկերացնի նույնիսկ, թե ինչ են իրենցից ներկայացնում էթիկայի կանոնները:

Նման «տաղանդավոր» պատգամավորների շարքին են պատկանում Առաքել Մովսիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Աշոտ Աղաբաբյանը և այլոք: Նշված «տաղանդավոր» պատգամավորների շարքը համալրել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը, ով վերջերս ներկայացրել էր քաղաքական գնահատականներ՝ միաժամանակ օգտագործելով վիրավորական արտահայտություններ Գագիկ Ծառուկյանի հասցեին:

Մեծ ցավ եմ ապրում, որ պատգամավորը կարող է զրպարտող և վիրավորող արտահայտություններ օգտագործել, չէ՞ որ դա նշանակում է, որ վերջինիս զարգացվածության և կրթության մակարդակն այնպիսի ցածր մակարդակի վրա է, որ դա իր համար ընդունելի ձև է: Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցների համար ևս պետք է մտահոգվել, քանի որ նման անձնավորությունն է, որ պետք է օրենքներ գրի և օրենքների մասին գնահատական տա: Չնայած ակնհայտ է, որ նման «տաղանդավոր» պատգամավորները օրենքներ գրելու համար չէ, որ գալիս են Օրենսդիր իշխանություն, իրենց ավելի շատ գրավում են անձեռնմխելիությունը, անպատժելիությունը և նման այլ հանգամանքները:

Պատգամավորի խոսքի ազատությունը կարևորագույն արժեք է, բայց այն չի կարող իրագործվել այլ մարդկանց իրավունքները խախտելու և պատգամավորի կոչումը արժեզրկելու գնով: Այս և նման այլ դեպքերը մեկ անգամ ևս հուշում են, որ հարկավոր է արդյունավետ մեխանիզմ ստեղծել նման վարքագիծ ցուցաբերող պատգամավորներին պատժելու համար: Զրպարտող, վիրավորող, լկտի պահվածքով պատգամավորները պետք է ԶՐԿՎԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԻՑ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել