«Հրապարակի» էսօրվա «տնտեսական» վայ-վերլուծությունն եմ կարդում Քարֆուրի գալու մասին ու զգում եմ, որ մարդիկ պարապ են մնացել, էլի ու էլի սկսել են հեքիաթներ գրել այնպիսի թեմայով, որից պատկերացում անգամ չունեն։ Կամ էլ ուղղակի պատվեր են կատարում։ Կամ էլ իրանց արևին սկանդալային նյութ են մոգոնում...

Մի խոսքով, սաղ էդ զռլամա հոդվածի ասելիքը կարելի է արտահայտել մեկ նախադասությամբ. Քարֆուրը մատակարարաներից մեծ զեղչեր ա ուզում, որպեսզի ամենաէժան գները սահմանի Հայաստանում, բայց մատակարարները եթե գնան այդ քայլին, ստիպված պետք է բարձրացնեն իրենց գները երկրով մեկ... Հա, ու մեկ էլ Քարֆուրը քխ ա, որովհետև Հայաստանի մասնաճյուղը ենթարկվելու է արաբական սեգմենտին։

Ու էս փուչ լուրը բնականաբար համեմված է «ինչպես հայտնի է» տիպի խորհրդավոր արտահայտություններով, որը, որպես կանոն, գրում են այն ժամանակ, երբ պատրաստվում են մի էշություն գրել, որն ամենևին էլ հայտնի չէ ու կարող է առհասարակ գոյություն չունենալ։ Խնդրեմ.

«Սովորաբար շուկայում ընդունված կարգ է, որ մատակարարները խանութներին ապրանք են տրամադրում առավելագույնը մինչև 5 տոկոս զեղչերով կամ մի փոքր ավելի՝ կախված ապրանքի տեսակից։»

Ախր մարդ բռնի ու էս հոդվածագրին հարցնի, թե ինչի ա ինքը հավայի բաներ բրնձում։ Ընդունված կարգ չկա։ Կան ընկերություններ, ովքեր խոշոր ցանցերին ընդհուպ մինչև 20 տոկոս զեղչ են տալիս, կան ընկերություններ, որոնք զեղչ չեն տալիս առհասարակ (օրինակ՝ Coca Cola-ն)։ Կախված ա ընկերությունից ու խանութից։ Բայց ոչ մի դեպքում զեղչն այնքան չի լինում, որ ինքնարժեքից բարձր լինի։

Հետո, մտավոր ակրոբատիկայի հերթական գոհարը նայեք.

«Սակայն արդյունքում սպառողը դրանից առանձնապես չի շահում, քանզի մատակարարն իր նվազագույն եկամուտն ավելացնելու համար ստիպված պետք է լինի ամբողջ երկրով մեկ բարձրացնել իր ապրանքի գինը, որպեսզի կարողանա նման մեծ չափով զեղչ ապահովել «Special for Carrefour»»։

Ախր ա՛յ քո ի սպառ բացակայող տնտեսագիտական ջանին ղուրբան, ախր դու դեռ սկի չգիտես, թե քանի Քարֆուր ա լինելու՝ 4-5 (ոնց ուզում ա հենց Քարֆուրը), թե՞ 10-ից ավել (ոնց ուզում ա Լֆիկը), իսկ դրանից կախված ա նրա իրացման պոտենցիալը։ Ամեն դեպքում, Քարֆուրը ինչքան էլ Քարֆուր լինի, ինքը չի կարա ստանա էնքան ապրանք, որ կարողանա ընդհանուր երկրի մասշտաբով գները բարձրացնի, որովհետև ինքը միակ ցանցը չի ու նույնիսկ ամենամեծը չի լինելու հենց սկզբից, իսկ մատակարարները նրան չեն տալու այնպիսի զեղչ, որն ավել լինի այլ ցանցերի զեղչերից։

Մի խոսքով, կապրենք, կտեսնենք իհարկե, բայց նման՝ մատից ծծած հոդվածները նյարդայնացնում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել