Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններից հետո, որին այդ պետության շուրջ 1/3-ը չմասնակցեց, հիմա էլ ուզում են ընտրություններ անցկացնել Նովոռուսիայում` Արևելյան Ուկրաինայում: Այստեղից նորից հարաբերությունների սրացում Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Եվ պատահական չէր, որ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի վերջերս կայացած հանդիպմանը որոշվել է անփոփոխ թողնել ընդունված պատժամիջոցները:
Ուղղակի այդպես էլ Արևմուտքը չհասկացավ, որ կռվող, հակամարտող կողմերից ոչ մեկն էլ չի շահում, կորցնում են բոլորը…
Այդ սանկցիաները հավասարապես, կամ մի քիչ ավել կամ պակաս ազդում են բոլոր կողմերի վրա՝ թե’ Ռուսաստանի, թե’ Եվրամիության երկրների, թե’ Ուկրաինայի վրա: Այն չի ազդել և չի ազդի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վրա: Ընդհակառակը, այս երկրներն ամեն ինչ անում են Եվրամիության երկրներին, Ռուսաատանին թուլացնելու համար:
Նովոռուսիայի ընտրությունները չճանաչելու մեջ ռուս պաշտոնյաները որևէ պատճառ չեն տեսնում, այս փաստն էլ, բնականաբար, դուր չի գալիս Արևմուտքին: Իսկ ընդհանուր առմամբ Արևելյան գործընկերության հարցում սխալվեցին արևմտյան տերությունները, շտապեցին, ճկուն և հեռատես չգտնվեցին… Եվրամիության չինովնիկները ԱՄՆ-ի հրահրմամբ արագացրին գործընթացները և կանգնեցին կոտրած տաշտակի առաջ… Մինչդեռ պետք է ավելի ճկուն գտնվեին, փորձեին Ռուսաստանին էլ ընդգրկել Եվրաասոցացման համաձայնագիրը ստորագրող երկրների կազմում: Անհրաժեշտ էր ժամանակ շահել, մյուս երկրների կողմից պայմանագրերը ստորագրելուց հետո Ռուսաստանին հանգիստ խղճով «հայավարի քցել»…Հիմա Արևելյան Ուկրաինայի` Նովոռուսիայի ընտրություններով կրկին կխորանա փոխադարձ ատելությունն ու թշնամությունը: Կրկին կթուլանա Ռուսաստանը, կթուլանան Եվրամիության անդամ երկրները: Այսինքն՝ այն, ինչին ձգտում էին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ի սկզբանե: Մինչդեռ Եվրամիության չինովնիկները պետք է հիշեին ֆիզիկայի պարզագույն օրենքներից մեկը` «Ազդեցությունը հավասար է հակազդեցությանը», և որ իրենք կորուստներից զերծ չէին մնալու… 
Այնպես որ, ազդվե’ք, հակազդվե’ք, թուլացե’ք, ԱՄՆ-ն էլ հենց դա է ուզում…
Իսկ Ուկրաինայում լարվել է նաև ներքաղաքական վիճակը: Յացենյուկը լքեց Պորոշենկոյին՝ ցույց տալով երեք մատի կոմբինացիա, համագործակցելով ազգայնականների, ծայրահեղականների հետ: Մի խոսքով՝ Սոդոմ և Գոմոր, մնում է վերջնականապես մասնատել Ուկրաինան, և ամեն ինչ կվերջանա…
Բայց չէ, չի վերջանա… Հիմա էլ հասունանում է նոր առճակատման օջախ` Մոլդովան… Այդտեղ սպասվում է ուկրաինական սցենարի կրկնությունը: Առաջիկա` նոյեմբերի 30-ի ընտրություններում կոմունիստների հաղթանակի դեպքում Մոլդովան կարող է հրաժարվել Ասոցացման համաձայնագրից՝ դրան հետևող բոլոր հետևանքներով:
Մի հետաքրքիր դիտարկում ևս, որի հետագա հաստատման դեպքում հաստատ կմտածեմ, որ այդ եվրոչինովնիկները հավանաբար եթե ոչ հոգեբույժի, ապա հոգեբանի կարիք հաստատ ունեն: Մեր հանրապետությունում մեռան գրելով, ասելով, բարձրաձայնելով, որ կարելի է Հայաստանի դեպքում կիրառել «և-և»-ի սկզբունքը, սակայն կատեգորիկ մերժվեց: Մինչդեռ մի երկու օր առաջ Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը չի հակասում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին և չի չեղարկում այն: Այնուհետև հավելել է. «Ես հակասություն չեմ տեսնում, ես կարծում եմ, որ Արևելյան գործընկերությունը կմնա այն հիմնական և կարևոր գործիքը, որը Եվրամիությունը կիրառելու է իր արևելյան հարևանների հետ հարաբերություններում և հույս ունեմ, որ այն սկզբնական հոռետեսությունը, որ կար որոշ փորձագիտական շրջանակներում և մամուլում, անհիմն դուրս կգա»:
Այո, երևի ժամանակ էր պետք Հայաստանին փակուղի մտցնելուց հետո, վերջնականապես հասկանային, որ ցանկության դեպքում հնարավոր էր լուծումներ գտնել… Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ քաղաքական կուրություն ու ատելությունը, անհեռատեսությունը, շտապողականությունը տանում է անկանխատեսելի ու անհասկանալի իրավիճակների, ավերածությունների ու մարդկային հազարավոր զոհերի…
Դե ինչ, սպասենք և տեսնենք, թե ինչ կասի այդ ուղղությամբ Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին օրերս փոխարինող, Ավստրիան ներկայացնող Յոհաննես Հանը:
Կապրենք, կտեսնենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել