Հանգստացեք...

Չէի ցանկանա այս թեմայի մասին խոսել, բայց մի քանի օր է՝ այն շահարկվում է ու այլևս հնարավոր չէ լռել: Համացանցային «գիգանտների» մի կաստա կա, որոնք իրենց դրել են էս ազգի փրկիչների տեղը ու իրանք իրանց աչոտ չեն տալիս, ինչ են խոսում: Սրանք սկսել են վիրավորել Սպարապետ Վազգեն Սարգսյանին, իսկ էն մարդկության տականքին՝ Նաիրի Հունանյանին, դարձնում են հերոս: Մի հատ հանգստացեք ու հասկացեք՝ ինչ եք խոսում: Այդպես խոսացող մարդկանց և սաքունցների մեջ տարբերություն չեմ տեսնում:

Եռյակը չի կարողանում հանրահավաքի օր որոշի, ուր մնաց այդ երեք կուսակցություններն իրենց ներքին հարցերը կարողանան լուծել: Երեկ ԲՀԿ-ական մի պատգամավոր էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն մոտ ապագայում կարող է ընդդիմություն դառնալ, փաստորեն իրանք հիմա ընդդիմություն չեն ու իրանց կարծիքով դեռ պահպանում են այլընտրանք լինելու ստատուսը: Բոլորը խառնվել են իրար ու ոչ մեկ չի հասկանում, որտեղ է սկիզբը և որտեղ վերջը: «Ժառանգությունն» էլ իրա հերթին չգիտի ինչ անի, որ գոնե էս իրավիճակից չոր դուրս գա: Ամեննաշահեկան իրավիճակում ՀԱԿ-ն է, որոշելու բան չունի, «Ոնց կասի ԲՀԿ-ն, ըտենց էլ կլինի» կարգախոսով ապրում են մարդիկ:

Երեկ համացանցի ծննդյան օրն էր: Համացանցը ստեղծողները լավ գիտակցում էին, որ իրենց ստեղծածը կփոխի աշխարհը, բայց նրանք դժվար թե հասկանային, որ իրանց ստեղծածը ոչ թե կփոխի աշխարհը, այլ աշխարհը ուղղակի կսկսի ապրել համացանցով: Շնորհավորենք բոլորիս համացանցի օրվա կապակցությամբ և հիշենք, որ համացանցը ինչպես լավ, այնպես էլ վատ ներազդեցություն կարող է ունենալ և այդ ամենը կախված է մեզանից և թե ինչպես կօգտագործենք այն:

Երեկ տաքսու վարորդների թեման կրկին բարձրացվեց: Միջազգային պատվիրակություն է եկել Հայաստան և X տաքսի ընկերության վարորդը օդանավակայանից Մատենադարան մարդկանց տեղափոխելու համար 25000 դրամ է պահանջել: Հումորը հումոր, բայց սա արդեն խորամանկություն չէ: Խորամանկությունը 3000-ի փոխարեն 5000 ուզելն է (այս դեպքում կասեմ՝ դե լավ ա արել), բայց 5000-ի տեղը 25000 ուզելը արդեն քցել ա նշանակում: Չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել