Այսօր մեր քաղաքի բանկերից մեկում տարադրամ էի փոխանակում, պատահաբար լսեցի, թե կողքիս մարդիկ ինչ էին խոսում: Կռահելու կարիք նույնիսկ չկար, բնականաբար խոսում էին վարկերից: Ցավոք, Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, ով վարկ չունի: Բնականաբար բանկերի համար դա աննկարագրելի լավ իրավիճակ է, հաջողված բիզնես է և կարծես մեր իշխանությունն առհասարակ չի մտահոգվում դրանով:
Սկզբից եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում այդ բիզնեսի արդյունքում: Մարդկանց բանկերը տալիս են գումար: Թվում է, թե լավ բան են անում, բայց այլ հարց է, թե ինչ պայմաններով  են այդ գումարը տալիս: Պայմաններից է՝ պարտադիր այլ գույք (հիմնականում բնակարան) գրավ դնելը և ամենակարևորը առնվազն 10-15 տարեկան տոկոսադրույքը: Այդ տրված գումարը անձինք պետք է վերադարձնեն շատ կարճ ժամկետներում, միջինում 2-5 տարում: Պարզ է, որ մեր երկրում գործող աշխատավարձների այդքան ցածր լինելու պատճառով է, որ մարդիկ վարկ են վերցնում, և մի հատ էլ այդ վարկը ընդհուպ մինչև 15% բարձրանում է: Արդյունքում մարդիկ ստիպված կամ արտերկրում աշխատանք են գտնում այդ վարկերը մարելու համար, կամ կորցնում են ամեն ինչ: Համեմատելու համար ասենք, որ Եվրոպական երկրներում համապատասխան տոկոսադրույքները միջինում լինում են 5% և ավելի ցածր, ինչպես նաև պարտադիր գրավներ հիմնականում չեն գործում:
Հայաստանն իրեն հռչակել է սոցիալական պետություն, դրանից ենթադրվում է, որ իշխանությունն առնվազն պետք է ապահովի իր ժողովրդի սոցիալական ապահովվածությունը և խիստ մտահոգվի ու պայքարի ստեղծված իրավիճակի դեմ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բանկերը պետք է ոչ թե մարդկանց բարձր տոկոսադրույքներով փող տվող և արդյունքում ամեն ինչ վերցնող կառույց լինեն, այլ հակառակը, մարդկանց օգնող, ձեռք մեկնող պետք է լինեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել