Հայաստանում շատ է խոսվում իրավական պետության կայացման անհրաժեշտության մասին. այն շատ կարևոր է՝ որպես ժողովրդավարության զարգացման խթան, սակայն ինչպե՞ս պետք է իրականացվի: Իրավական պետությունը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է, որն ապահովում է վերջինի արժեհամակարգի իրավական մշակույթի մասը: Դրա կարևորագույն սկզբունքը մարդու իրավունքների գերակայությունն է պետության օրենքների նկատմամբ:

Մարդու իրավունքները դառնում են գերակա ոչ միայն և ոչ այնքան դրանց իրավական ձևակերպումների տեսքով, որքան պետական իշխանության գործունեության միջոցով: Այդ գործունեությունն էլ պետք է հիմնվի թափանցիկության և հաշվետվողականության վրա, որպեսզի իրավական պետության ինստիտուցիոնալ և արժեբանական դրսևորումները բխեն մարդու իրավունքների գերակայության սկզբունքից, որովհետև իրավունքի իրացումը նաև պետական իշխանության հաշվետու լինելու մեխանիզմ է և հակառակը՝ պետական իշխանության հաշվետու լինելը՝ իրավունքի իրացման մեխանիզմ: Այս առումով, հիբրիդային կամ անցումային ժողովրդավարությունները, պետական իշխանության տեսանկյունից, ունեն գործառնական երեք մակարդակ.

1. Պետական իշխանությունը փակում է թափանցիկությունը և գտնում, որ իրավական պետությունը կառուցվում է առանց քաղաքացու մասնակցության և որոշակի սահմանների մեջ,
2. պետական իշխանությունը բացվում է և գտնում, որ իրավական պետությունը կայանում է քաղաքացու կողմից որոշակի վերահսկողականության պայմաններում,
3. հիբրիդային մակարդակ. պետական իշխանության մի մասն առաջին մակարդակի կողմնակից է, իսկ մյուս մասը՝ երկրորդ:

Առաջին դեպքում մենք ունենում ենք ֆորմալ իրավական պետություն՝ առանց իրավական մշակույթի, երկրորդ դեպքում՝ ձևավորվում է անհրաժեշտ մշակույթը, երրորդ դեպքում՝ թեև ձևավորվում է մշակույթը, բայց պետական իշխանության հակառակ կողմը հաճախ գնում է զսպումների: Հայաստանում, կարելի է ասել, գործում է երրորդ մակարդակը, որը, ըստ տրանսֆորմացիայի կամ էվոլյուցիայի էության, կարող է հանգել երկրորդ մակարդակին, իհարկե, քաղաքացիական հասարակության մեծ խթանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել