Tert.am-ը գրում է․

Գերագույն խորհրդի և ԱԺ երկու գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանը վերջին տարիներին զբաղվում է սեփական առողջությամբ և հողագործությամբ. 1000 քառակուսի մետրի վրա 60 պտղատու ծառ է տնկել և 35 տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ է աճեցնում՝ կաղամբից մինչև ծնեբեկ: Հիշեցնենք, որ Աղասի Արշակյանը դեռ 1997թ. իր կազմակերպության միջոցներով Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նոր միության համար 1 միլիոն ստորագրություն էր հավաքել և այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ «սեպտեմբերի 3-ի» հայտարարությունը վերջին 16 տարվա արտաքին քաղաքական ամենաշրջահայաց որոշումն է: «Մենք՝ հայերս, ժամանակին ունեցել ենք երեք լճի պետություն, հետո Տիգրանի ժամանակ՝ ասել ենք՝ երեք ծովի հայրենիք ունենք, ու միշտ երեք ծովերի մասին ենք երազել։ Մենք եթե մտածենք պարզ կենցաղային ՝ ԽՍՀՄ-ի ժամանակ մենք ունեինք երեք օվկիանոսների պետություն»,-ասաց նա:

-Պարո՛ն Արշակյան, հետաքրքիր միավորում տեղի ունեցավ՝ ի դեմս եռյակի անդամ քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն»: Համաձայնեք, որ քաղաքականությանը հետևող շրջանակների համար նույնիսկ սկզբնական շրջանում մի փոքր արտառոց էր տեսնել այս «եռամիասնությունը»: Որպես քաղաքականության մեջ երկար տարիներ եղած անձ, կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս են մեր քաղաքական դաշտում նման մետամորֆոզներ լինում:

-Մետամորֆոզի մասին Դո՛ւք ասացիք: Իհարկե, առաջին հայացքից այդպես է թվում, որ միավորվել են չմիավորվողները, կամ՝ համադրվել են անհամադրելիները։ Այս ամեն ինչի մեջ ինձ ուրախացնում է, որ բոլորի մոտ հասունացել է այն միտքը, որ ինչ եղել, եղել է, բայց պետք է փրկվել այս վիճակից: Ես ուզում եմ հավատալ, որ այդ միավորումն այդ նպատակն է հետապնդում, ոչ թե, ինչպես նախկին միավորումները, որոնք հետո պարզվեցին, որ ժողովրդի թիկունքում էին: Ժողովրդին խաբելով էին միավորվել, կամ՝ ընդդիմություն էին խաղացել, իրականում դերի մեջ են եղել: Առնվազն 2 և ավելի դեպք և՛ Դուք, և՛ մեր ժամանակակիցները կհիշեն: Ես չեմ ուզում հավատալ, որ սա պետք է լինի հաջորդ այդպիսի խաբկանքը: Ուզում եմ հավատալ, որ իրոք բոլորի մոտ էլ, նախկին գրադացիայով, և՛ բարու, և՛ չարի մոտ, եկել, հասել է դանակը ոսկորին, միգուցե ոսկորն է արդեն կտրում: Մարդիկ պատրաստ են, որ երեկվա թշնամիներն ու հակառակորդները, իրար վրա հավկիթ նետողները ու բռնություն գործադրողները միավորվեն: Ես ուզում եմ հավատալ, որ էդ գիտակցումն է իրենց միավորել, և երևի թե ճիշտը դա է, որովհետև, միևնույն է, ճիշտը կոմպրոմիսների ճանապարհով գնալն է: Հենց դրա համար էլ դա քաղաքականություն է կոչվում, դրա համար էլ քաղաքականությանը տենց անվանարկումներ են տալիս՝ պոռնկություն:

Պետք է վեր կանգնել դրանից և փորձել միավորվել: Ես հասկանում եմ, որ այդ նոր միավորվող ուժը գործող ուժի հետ էլ է պատրաստ համագործակցել: Այդ ձևով է ուզում բերել նրանց… Չասեմ՝ խելքի բերի, մի քիչ ախորժակները զսպի, մի քիչ իրավիճակը փոխի: Եթե այդպես լինի, ուրեմն՝ շատ լավ է: Եթե խաբելու են հերթական՝ սահմանադրական «ֆրսանդներով», բաներով... տենց բաներ էլ կան չէ՞:

Իհարկե, շատ դժվար է լինելու իրար հետ զոդել քարը, փայտը և մետաղը, ես պայմանական եմ ասում այդ միացությունը, բայց հիմա ժամանակներն այնպես են, որ կան «սուպեր-սուպեր» սոսինձներ, որոնք քարը, փայտն ու մետաղը կարող են զոդել: Թող ստացվի այդ միացությունը: Գոնե դրանով էդ խմբակը, կլանը հասկանա, որ իրոք նավը խորտակվում է:

-Այսինքն՝ փորձեն բանակցե՞լ:

- Իհարկե, զիջումների գնան, իրենց հնարավորություններն էլ օգտագործեն, որովհետև իրենք հասկանում են, որ մենք բոլորս մի ճզմիչի տակ ենք: Դեռ չեմ ասում ՝ արտաքին մարտահրավերը, գոնե ներսում՝ մենք կիսվել ենք, քառատվել ենք, միավորվենք:

-Դուք դրական եք համարում այս միասնությունը, բայց եղել է, որ Արամ Զավենի Սարգսյան-Ստեփան Դեմիրճյան-Արտաշես Գեղամյան եռյակ, որի մասին Արամ Սարգսյանն, ի դեպ, ինքը երեկ հիշեցրեց՝ ասելով՝ «ես տեսել եմ Արտաշես Գեղամյան»: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ էլ Արտաշես Գեղամյանն էր այս եռյակում դիտվում որպես անհամադրելի:

-Մի առիթով ասել եմ, որ ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի քաղաքական գործունեությանը… քանի որ 7 տարի իր հետ թիմակից եմ եղել, տվել եմ դրա բացատրությունը, ինչին հիմա չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ո՛ չ լավը կարող եմ ասել, ո՛չ վատը…. Իսկ լրատվական կայքերի՝ նրան տված գնահատականներն էլ չօգտագործեմ, ոչ հերքեմ, ոչ էլ հաստատեմ:

Բայց ասեմ, որ մի առիթով ասել եմ՝ այն մարդիկ, ովքեր հարյուր հազարավոր ձայներ են հավաքում՝ բարձր նոտաների վրա, և մարդիկ նրանց իրենց ձեռքերի վրա են տանում, ես նրանց մի անուն եմ տվել՝ «հավատի գողեր, հայրենիք խլողներ»: Այսինքն՝ եթե 300 հազար ձայն ես հավաքում ու էդ հավատը կողոպտում ես էդ մարդուց, որ քեզ հավատում է, գրկում է, շալակում, ինքն արդեն թևաթափ է լինում: Եվ արտագաղթի ամենագլխավոր պատճառը էդ թևաթափությունն է. ես չեմ հավատում, որ միայն սոցիալական դժվարություններն են մարդկանց ստեղից փախցնում, կամ միայն անարդարությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել