ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել է, թե ինքը նույնիսկ չի կարող ասել՝ երբ է լինելու եռյակի նիստը, և այդ նիստին կորոշվի՞ արդյոք եռյակի հերթական հանրահավաքի օրը: Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ եռյակի հաջորդ հանրահավաքի մասին այս պահի դրությամբ ոչ մի խոսք չկա, այն դեպքում, երբ եռյակի առաջին՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հստակ հայտարարարվել էր հաջորդ հանրահավաքի օրը: Ի՞նչն է փոխվել:
Ասեմ: Ուրեմն հոկտեմբերի 10-ին Գագիկ Ծառուկյանը եկավ հանրահավաքի և հայտարարեց, որ իր խոսքը կասի հաջորդ հանրահավաքին: Ըստ ինձ, նա այդպես ասաց, որովհետև այդ պահին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր, իսկ Ծառուկյանն ուզում էր, որ իր ասելիքը լսի Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ ասելիքը նախօրոք ճշտված լինի ինչու՞ չէ՝ հենց Սերժ Սարգսյանի հետ:
Հաջորդ հանրահավաքին Ծառուկյանն ասաց իր ասելիքը, սակայն հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանը կրկին մեկնեց, այս անգամ՝ Փարիզ: Կարծում եմ, գալիք հանրահավաքի օրը և գործողությունների ճանապարհային քարտեզը Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի հարմարեցնելու հենց Սերժ Սարգսյանի հետ, այդ պատճառով էլ նրա թիմակիցներն առայժմ ասելիք չունեն և իրենց սովորության համաձայն՝ ժամանակ են ձգում, մինչև վերադառնա երկրի նախագահը և Ծառուկյանին բացատրի իր հետագա անելիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել