Երբ Ռուսաստանն արգելանք դրեց մի շարք խոշոր կաթնամթերք արտահանող երկրներից ներմուծման վրա, հայկական արտադրողների համար լուրջ հնարավորություններ ստեղծվեցին: Այս մասին բազմիցս խոսվել է թե պաշտոնյաների, թե մասնագետմերի և թե հենց արտադրողների կողմից:

Բայց պետք է արձանագրել, որ դեռևս նշանակալի ձեռքբերումներ չեն եղել այս մի քանի ամիսների ընթացքում, սակայն սա բնորոշ է այնպիսի կաթնամթերքի արտադրության ճյուղի համար: Մեծ ծավալների կաթնամթերք արտադրելու համար անհրաժեշտ է նախ ձեռք բերել նոր արտադրող հզորություններ, ձեռք բերել հումք, ինչի համար նույնպես ժամանակ է պահանջվում, ինչպես նաև արտադրանքը համապատասխանել ռուսական շուկայի չափանիշներին:

Սակայն ի ուրախություն մեր կաթնամթերթք արտադրողների` առաջիկա տարվա` 2015թ-ի ընթացքում նույնպես ռուսական շուկայում մասնավորապես կաթնամթերքի պահանջարկը խիստ մեծ է լինելու: Բոլորովին վերջերս ՌԴ Պետդումա ներկայացվեց ՌԴ Հաշվարկային պալատի կազմած` 2015թ-ի պետբյուջեի և 2016-2017թթ-ի պլանային ժամանակահատվածի մասին հաշվետվությունը, որտեղ հստակ նշվում է, որ Ռուսաստանն առաջիկա տարում չի կարողանա ապահովել ներմուծվող ապրանքների ամբողջական փոխարինումը, որոնց նկատմամբ էմբարգո է կիրառվել: Ըստ այդ հաշվետվության` առավել լուրջ խնդիրներ կարող են առաջանալ հատկապես որոշ տեսակի կաթնամթերքների և մսամթերքի հետ: Հաշվետվությունում հրապարակված տվյալների համաձայն` Ռուսաստանը ներկրում է պահանջվող կաթի ավելի քան 60%-ը, ինչը, իհարկե, հսկայական զանգված է և անմիջապես փոխարինել չի ստացվի:

Այսպիսով կարելի է ասել, որ հայ ֆերմերներին ընձեռվել է եզակի հնարավորություն, և եթե սրան էլ ավելացնենք այն, որ 2015թ-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, ապա մնում է միայն ավելացնել արտադրող հզորությունները և ապահովել արտադրանքի նկատմամբ ներկայացվող պահանջները: Իրացման մասով խնդիրները հասցվում են նվազագույնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել