Վերջին երկու տարում Հայաստանում այս ոլորտը աշխուժացել է, 2013թ.-ին ոսկերչական իրերի արտահանման ծավալներն աճել են 63,7%-ով՝ 2012թ.-ի համեմատ: Մաքսային ծառայության տվյալներով՝ ոսկերչական իրերի արտահանումը կազմել է 638,2 կգ 22,1 մլն. դոլար մաքսային արժեքով, այն դեպքում, երբ 2012 թ.-ին այն կազմել է 389,4 կգ 13,5 մլն. դոլար մաքսային արժեքով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել են 11,3 մլն. դոլլարի 268,9 կգ ոսկերչական իրեր: Արտահանվել է նաև 34,5 մլն. դոլարի 1,57 տոննա ոսկի (Դորյեի համաձուլվածք): Միաժամանակ ներմուծվել է 1 մլն. դոլար մաքսային արժեքով 112 կգ ոսկերչական իրեր և 71 մլն. դոլար մաքսային արժողության 1,7 տոննա ոսկի: Հայաստանից ոսկերչական իրերը հիմնականում արտահանվում են Թուրքմենստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թաիլանդ, Ղազախստան, Ռուսաստան: Իսկ ոսկու հումքը հիմնականում արտահանվում է Կանադա: Ոսկերչական իրերը ներմուծվում են Թաիլանդից, Իտալիայից, ԱՄՆ-ից, իսկ ոսկին՝ Շվեյցարիայից, Ավստրիայից, Էմիրություններից: Ըստ էության, զգալի ծավալով ոսկի սպառվում է նաև ներքին շուկայում:

Այս թվերը ցույց են տալիս, որ մեր երկրից արտահանվում է ոսկու «կիսաֆաբրիկատ» (Դորյեի համաձուլվածք), միաժամանակ պատրաստի ոսկերչական իրեր, իսկ ներմուծվում է զգալի ծավալի ոսկի հիմնականում ոսկերչական աշխատանքների համար և պատրաստի ոսկերչական իրեր (այստեղ զարմանալի է ներմուծվող ոսկերչական իրերի դիմաց գնահատված ցածր մաքսային արժեքը, օրինակ՝ 2013 թ.-ին ընդամենը 2,5 մլն դոլար 187,9 կգ ոսկերչական իրերի համար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել