Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ն ուժով էր իր հարցերը լուծում, և այն ղեկավարում էր Խրուշչովի նման լիդեր, ով գրեթե պատրաստվում էր միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին, նրան ավելի էին հարգում, իսկ հիմա, երբ Ռուսաստանը ձերբազատվեց ԽՍՀՄ ժառանգություն կոմունիզմից և թույլ տվեց իր տարածքներում անկախ պետությունների կազմավորում, նրան չեն հարգում: Նա, գուցե, ճիշտ է ասում, եթե ՌԴ նախագահի խոսքերը դիտարկենք քաղաքական ռեալիզմի հարթությունում (շահը սահմանվում է ուժի սկզբունքով), սակայն քաղաքական իրականության տեսանկյունից պետք է նշել, որ այդ պետությունների կայացումն անխուսափելի էր: ԽՍՀՄ-ում առկա էր ահռելի լեգիտիմության ճգնաժամ, տնտեսությունը չէր բավարարում, իսկ քաղաքական համակարգը քայքայվել էր կոմունիզմի գաղափարական համընդգրկուն գրադացիայից, որն առաջացրել էր կառուցվածքային-ֆունկցիոնալ գանգրենա և մշակութային հսկայական վակուում: Այդ դեպքում ժողովուրդներն իրենք փորձում են ինքնորոշման իրավունքով լրացնել ստեղծված վակուումը, որը նրանց անկախ ապրելու կամքն ու իրավունքն է: Եվ ո՞վ կարող էր կանգնեցնել Հայաստանի ու Արցախի ժողովրդի անկախ ապրելու ցանկությունը: Իսկ ԽՍՀՄ-ին «հարգում» էին, որովհետև այն անկանխատեսելի էր, հետևաբար ռիսկային էր, դա հարգանք չէր, այլ զգուշավորություն: Հենց այդ զգուշավորությունը Արևմուտքին դրդեց ԽՍՀՄ անկանխատեսելիության ռիսկի գործոնը դնել քաղաքական մշակումների հիմքում և ձեռնամուխ լինել այդ երկրի փլուզմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել