Իսկ Ծառուկյան Գագիկը խաբար է՞, որ կոնգրեսականները իրեն ու իր ռեսուրսները օգտագործում են փոխելու համար այն համակարգը, որում ինքը լավ էլ բարգավաճում է: Համենայն դեպս երիտկոնգրեսականներից ոմանք այդ մասին բացահայտ գրում են իրենց մամուլում:

Վստահ եմ, որ Ծառուկյանը բոլորովին էլ հիմար մարդ չէ` համենայն դեպս օգտագործել-օգտագործվելու հարցերում: Ուղղակի լուրջ չի ընդունում լևոնականների կրտսեր սերնդի դատարկախոսությունները, որոնք անշեղորեն մարգինալացող այս նախկին ուժի հանրային արդարացմանն են ուղղված:

Ծառուկյանը շատ լավ տեղյակ է իր և Լևոն պապիի գործարքի մանրամասներին ու էությանը: Նա ինքն է օգտագործում այդ հնամաշ «իշխանափոխության գործիքը» ու ջոմարդավարի էլ վճարում է: Օգտագործում է նաև Րաֆֆիին: Լևոնն ու Րաֆֆին նրան շատ են պետք` այլապես ո՞վ կհավատա, որ ինքն ընդդիմություն է:

Ու ես կասեմ, որ լավ էլ անում է, որ օգտագործում է: Ինչո՞ւ:

Նախ, Ծառուկյանն այսօր գլխավորում է օլիգարխիայի մի թևը, որը որոշել է ձեռնոց նետել մյուս` կերակրատաշտին ավելի մոտ գտնվող հանրապետական թևին: Հասկանալի է` կերակրատաշտի պարունակությունը նվազել է, իսկ ախորժակ ունեցողները շատացել են: Շուտով իրար են ուտելու, ու Ծառուկյանը չի ուզում կուլ գնալ, ինքն է ուզում մյուսներին կուլ տալ: Անկախ արդյունքից՝ սա նշանակում է օլիգարխիական համակարգի ճգնաժամ, ու որքան այդ համակարգը ճգնաժամ ապրի, այնքան ավելի լավ հայության համար: Ու եթե ինչ-որ հնամաշ գործիք օգտագործելը պետք է նպաստի այդ ճգնաժամին, ուրեմն թող նպաստի, թքած որ չի փչանա:

Դա էլ երկրորդն է: Ընդդիմադիր դաշտի հիվանդ, անհեռանկար միավորները պետք է փչանան, վերանան ու դաշտն ազատեն ավելի առողջ ձևաչափերի համար: Հիմա Ծառուկյանը փչացնում է Կոնգրեսին (վկա կոնգրեսականների խղճուկ արդարացումները), փչացնում է երեսուն արծաթով: Անկախ Ծառուկյանի ու հանրապետականների առճակատման ելքից` իր հետ համագործակցության արդյունքում էլ ոչ Լևոն կլինի, ոչ էլ լևոնական, իսկ նախկին լևոնականը հայհոյանքի նման ամոթ բան կլինի: Րաֆֆիի վիճակն ավելի բարդ է` երևում է, որ նա ճարահատությունից է այս ամենին մասնակցում ու փորձում է դեմքը փրկել, գուցե երեսուն արծաթ էլ չի ստացել: Բայց դժվար թե փրկվի: Մի խոսքով Ծառուկյանը ընդդիմադիր դաշտում կատարում է այն դերը, ինչ առյուծն աֆրիկյան սավաննայում: Մեռնեմ բնության օրենքին:

Մի խոսքով, ազգային ուժերը (արդեն ոչ մարգինալ կամ դեռ մարգինալ, այնքան էլ կարևոր չէ) պետք է շնորհակալ լինեն Ծառուկյան Գագիկին՝ թե՛ իշխանաօլիգարխիական ճամբարը հետևողականորեն պառակտելու, թե՛ ընդդիմադիր դաշտը կեղծ միավորներից մաքրելու համար: Բայց, ինչ արած, գործնականում իրեն օգնել չենք կարող, քանի որ առանց փչանալու դա հնարավոր չէ: Մենք հայ ժողովրդին դեռ պետք ենք: Նույնիսկ հաղթանակ չենք կարող մաղթել` մենք նրանց խաղում ոչ ոքիի կողմնակից ենք: Այդ դեպքում ազգային ուժերը հայությանն ավելի շուտ առաջնորդելու հնարավորություն կստանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել