Ռուս-ուկրաինական հակամարտության մասին որևէ կարծիք հայտնելը բավական անշնորհակալ գործ է, քանի որ անմիջապես քեզ անկախ քո կամքից դասում են որևէ ճամբարի շարքերը: 
Խնդիրն այստեղ ավելի խորն է, քան զուտ պատմական տարածքների վերադարձը: Այն, որ այսօր Ուկրաինայում մեծ հակառուսական ալիք է բարձրացել և գնալով տարածվում է, ինքնին հասկանալի է, քանի որ մինչև Ղրիմի խնդրի ի հայտ գալը ուկրաինական հասարակությունը գտնվում էր Արևմուտքի ֆինանսական, տնտեսական ու հոգեբանական ազդեցության ներքո: ԽՍՀՄ փլուզումից հետո պատմության ուկրաինականացումը նոր թափ ստացավ, ասել է թե՝ սկսեցին հակադրել ռուսականն ու ուկրաինականը՝ այսպիսով խեղաթյուրելով համատեղ հարուստ պատմությունը: Այսօր ուկրաինական դասագրքերում կարելի է հանդիպել «ուկրաինա-պարսկական պատերազմի», Հերակլեսի, Աթենասի ու մյուս հին հունական աստվածների ուկրաինական հողում ծնվելու և գործունեություն տարածելու մասին անհեթեթ պնդումների: Էլ չխոսենք հին Ուկրաինայի պատմական ձեռքբերումների մասին: Արդյո՞ք այսքանից հետո զարմանալի է, որ այդ երկրում ինքնագիտակցության փնտրտուքները հանգեցրել են հակառուսական մեծ ալիքի տարածմանը: Եվ սա դեռ մինչև Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի հակամարտությունների ի հայտ գալը: 
Այս ամենի անմիջական մեղավորությունը կրում է նաև Ռուսաստանը: Այնուամենայնիվ, ուկրաինականացումը ու, ըս էության, ռուս ժողովրդի մի ամբողջ հատվածին արհեստական ինքնություն ու երկիր պարգևելը Խորհրդային Միության մեծ բացթողումն է: Ռուսները 20-րդ դարի առաջին կեսին ստեղծեցին մի շարք երկրներ, որոնք այսօր մեծ գլխացավանք են դարձել իրենց համար: 
Ռուսական առաջին հեռուստատեսությամբ մի հաղորդման ժամանակ տարբեր փորձագետներ անընդմեջ մեղադրանքներ էին հնչեցնում Կիևին ֆաշիզմ, հակառուսականություն տարածելու ու պատմությունը կեղծելու մեջ: Սակայն ոչ մեկ չի էլ նկատում, որ այստեղ կա ռուսների մեծ բացթողումը: Արդյո՞ք վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանը բավականաչափ աշխատանք է տարել հարևան երկրում իր իմիջը բարձրացնելու համար: Ոչ: Եվ այդ բացը շատ հեշտությամբ լրացրեցին արևմյան գրանտները: Արդյո՞ք նույն գործընթացներն այսօր մենք չենք տեսնում Հայաստանում: Հայ ժողովրդի մի մասը արդեն հակառուսական լուրջ տրամադրություններ ունի, և դա նույն ռուսների բացթողումն է: Ինչպես հենց իրենք են ասում՝ свято место пусто не бывает: Այս վակուումը մեծ թափով լցնում են նույն արևմտյան կազմակերպությունները, որոնք, ըստ էության, ստեղծում են իրենց դրական իմիջը և Ռուսաստանի բացասական իմիջը մեզանում: Եվ դրան նպաստում են, իհարկե, մեր թշնամու հետ ռուսների սիրախաղերը ու զենքի վաճառքը: Արդյո՞ք ինչ-որ ռուսական կազմակերպություն այդպես ակտիվ աշխատանք է տանում հետխորհրդային երկրներում, ինչպես արևմտյանները: Այս պայմաններում կարելի էր կանխատեսել Ուկրաինայում տեղի ունեցող ահեղ իրադարձությունները: Այն, որ ռուսները ցանկանում են վերադարձնել իրենց պատմական հողերը, հասկանալի է: Սակայն միևնույն ժամանակ նրանք պարտավոր են ակտիվ աշխատանք տանել ոչ միայն ԶԼՄ-ների, այլև հասարակական կազմակերպությունների մակարդակով, այլապես նրանք դեռ շատ բան կկորցնեն: Իսկ սլավոնական ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ թշնամանքի աճը անգլոսաքսոնների հանճարեղ քաղաքականության արգասիքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել