Tert.am-ը գրում է․

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարփոխումների անհրաժեշտությանը, ասաց, թե գոյություն ունի պետություն-հասարակություն շղթա, և Սահմանադրությամբ պետք է կերտել անկոնֆլիկտ պետություն-հասարակություն մոդելը: Նա նաև նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը քաղաքական կուսակցությունների որոշելու խնդիրը չէ:

-Պարոն Այվազյան, ի՞նչ կասեք Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։

-Մինչև հայեցակարգին գնահատական տալը պետք է արձանագրել, որ Սահմանադրության ընդունման տարվանից ի վեր սա առաջին դեպքն է, որ փոփոխությունների նախագիծը հայեցակարգի մակարդակով է լինում: Ես սա շատ դրական եմ գնահատում, որովհետև եթե փոփոխությունների հայեցակարգային մոդելը չլինի, ապա ցանկացած փոփոխություն զուտ տեքստային առումով՝ ինչ-որ տարերային, ամորֆ մի փոփոխություն է: Հայեցակարգը մասնագիտական առումով բավական հիմնավոր, գրագետ կազմված է, և եթե սահմանադրական փոփոխությունների տեքստն էլ, ըստ էության, մշակվի այդ ընդունված հայեցակարգի շրջանակներում, ապա այն բավական արդյունավետ կլինի։

-Հաճախ են հնչում գնահատականներ, թե մեզ սահմանադրական փոփոխություններ պետք չէին, դրա անհրաժեշտությունը չկար:

-Սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը քաղաքական կուսակցությունների որոշելու խնդիրը չէ: Պե՞տք է փոփոխվի, թե՞ ոչ, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, այդ հարցին կարող է պատասխանել միայն այն սուբյեկտը, ով դրան տիրապետում է: Իսկ ըստ իս՝ այսօր քաղաքական ոչ մի կուսակցություն չի տիրապետում, թե ինչ բան է Սահմանադրությունը, ո՞վ իրավունք ունի գրելու Սահմանադրություն, ո՞վ իրավունք ունի փոխելու Սահմանադրությունը, կառավարման ո՞ր ձևն է նպատակահարմար: Կառավարման ձևը Սահմանադրության համակարգի մեջ, ի թիվս մյուս խնդիրների, մի բաղկացուցիչ մաս է, և Սահմանադրությունը գրվում կամ փոփոխվում է ոչ թե կոնկրետ իրավիճակի համար, այլ այն հարատև փաստաթուղթ է: Եթե մենք Սահմանադրության փոփոխությունը կապում ենք իշխանափոխության հետ, դրանով մենք Սահմանադրությունը դարձնում ենք անկայուն, որովհետև ցանկացած քաղաքական ուժ ցանկացած ժամանակ կարող է պահանջել փոփոխություն, որպեսզի համապատասխանեցնի իր շահերին: Սահմանադրության մեջ ներկայիս փոփոխությունների նախագիծը, որ հայեցակարգային մակարդակով կա, իրեն արդարացնում է: Սահմանադրությունն իր բնույթով, անկախ նրանից իշխանությանը և ընդդիմությանը, քաղաքական ուժերին և երկրի քաղաքացիներին դուր է գալիս, թե ոչ, պետք է լինի իսկապես օբյեկտիվ իրականությունն արտացոլող փաստաթուղթ: Իսկ լավ է, թե չէ, պետք է, թե չէ, նման շահարկումներ անողները պետք է առնվազն գիտական ակադեմիական մակարդակով հիմնավորեն իրենց ասածը: Բայց միայն իրենց ասածը հիմնավորել քաղաքական հարթության մեջ, թե իշխանություն է վերարտադրում, ճիշտ չէ: Այս պարագայում ճիշտ չէ փոփոխությունը կապել իշխանափոխության հետ:

-Պարո՛ն Այվազյան, խորհրդարանական կառավարման համակարգի անցումը, ըստ Ձեզ, դրակա՞ն է, թե՞ բացասական:

-Կառավարման ձևը ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի: Որպես կանոն, նախագահական կառավարման ձևն ավելի կենտրոնացված իշխանություն է ենթադրում: Կենտրոնացված իշխանությունը բնորոշ է մեծ տարածք, բնակչության մեծ թիվ և դաշնային կառուցվածք ունեցող երկրներին: Իմ կարծիքով՝ մեր հասարակությունն այսօր իրավական առումով որոշակի հասունության մակարդակ ձևավորել է անկախության տարիներից ի վեր և ժողովրդավարական կլինի, որպեսզի նախագահական կառավարման ձևից մենք անցնենք խորհրդարանական կառավարման ձևին, որի հիմնական առանձնահատկությունը որոշումների կոլեգիալ ընդունման ինստիտուտն է: Կառավարման ձևը ես կապում եմ հասարակության փաստացի վիճակի հետ, այսինքն՝ հասարակությունն ի վիճակի՞ է իրեն պատկանող իշխանությունն իրականացնել, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել