Քաղաքական կյանքի զարգացումներն ու դրանց վերլուծությունները միշտ էլ հակասական արձագանքներ են ունենալու, սակայն կա մի բան, որն էլ մինչ օրս անլրջացրել է ցանկացած, թեկուզ անկեղծ, նախաձեռնություն: Դա ժամկետների հստակեցումն է: Մենք ժամկետներից միայն հստակ գիտենք նախագահի և ԱԺ ընտրությունների օրերը: Արտահերթ ընտրություններ պահանջելը և դրա իրագործման համար 8-10 տարի սպասելը, իշխանություններին ինչ-որ վերացական ուլտիմատումային ժամանակ տալը, իսկ ժամանակը լրանալուց հետո բուտաֆորային հավաք կազմակերպելը և վերջում էլի մի էդքան ժամանակ տալը, անընդունելի իշխանավորի նոր պաշտոնում հայտնվելուց հետո 100 օրից մեկ տարի փորձաշրջանին լուռ հետևելը, ի վերջո, անլրջություն է:

Բնականաբար, կան սահմանված խաղի կանոններ, և պետք է դրանց հետևել, բայց պետք չի մոռանալ, որ այդ խաղի կանոնները և բուն քաղաքական խաղի ստրուկտուրան մշակվել է ԱՄՆ-ում և եվրոպական ցիվիլ երկրներում, այսինքն թե այնտեղ, որտեղ իշխանափոխություն մինչև կոնկրետ ընտրությունների օրը երբևէ չի լինում, իսկ ինքնաբուխ կամ կազմակերպված ընդվզումները կրում են ժողովրդավարության աստիճանը ֆիքսելու ներկայացումների բնույթ: Իհարկե ցանկալի է, որ մենք ապրենք ավելի լավ, ինչո՞ւ ավելի, գոնե ուղղակի լավ երկրում, բայց անցյալ վեց տարիների դառը փորձը հուշում է, որ վեց տարի առաջ հնչած պահանջներն ու ցանկությունները մինչ օրս մնացել են ընդամենը պահանջներ ու ցանկություններ: Փոխվեց միայն մի բան. հասարակության հուսահատված մասսայից երկրից հեռացավ ևս մոտ 300000 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել