«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որևէ ներդրումային ծրագիր իրականացնել «Նաիրիտ» գործարանում: Խորապես համոզված եմ, որ թերթի տեղեկությունը միանգամայն հավաստի է: Միջազգային տնտեսական պատժամիջոցներն ու նավթի համաշխարհային գների անկումն էապես հարվածել են ռուսական տնտեսությանը, հատկապես՝«Ռոսնեֆտին»: Այս ընկերությունն ինքը հիմա կարիք ունի պետական աջակցության, էլ ուր մնաց ներդրումներ անի Հայաստանի տնտեսության մեջ: Բացի այդ, ռուսական պաշտոնական ու փորձագիտական շրջանակները վերջին շրջանում հաճախ են խոսում այն մասին, որ Կրեմլն աստիճանաբար հրաժարվում է տնտեսության հաշվին քաղաքական խնդիրներ լուծելու քաղաքականությունից: Հայաստանի պարագայում՝ առավել ևս: Առանց գումար տալու էլ Մոսկվան մեր իշխանություններից ստանում է այն, ինչ ուզում է: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի ամբողջ ծախսերն ենք մենք հոգում: Էլ չեմ ասում այն մասին, որ մեր էներգետիկ համակարգը մենաշնորհած ռուսական ընկերությունները պարզապես «կլպում»  են Հայաստանի ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել