Մարկոս Վառոն նշում է, որ որովայնային կծկումների կամ այտուցների ապաքինման համար հենց բուխարին պետք է իբրև դեղարկղ ծառայի։ Բուխարու մոխիրներից պատրաստված մոխրաջո՛ւր խմեք և կապաքինվեք։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են գլադիատորները կազդուրվում մարտից հետո մոխրաջուր խմելով։ 

Պլինիոս Ավագ, «Բնական պատմություն» 

Borghese-mosaic

Հռոմեացի գլադիատորի մասին մտածելիս մարդու մտքով առաջին հերթին անցնում է կատաղի մարտիկ, ով, բազմատեսակ զենքերով զինված, մարտնչում էր այլ գլադիատորների ու անգամ վայրի կենդանիների դեմ։ Ինչո՞վ էին սնվում գլադիատորները, որ այդքան ուժ ունեին։ Հռոմեացի հեղինակ Պլինիոս Ավագը նշել է, որ գլադիատորները կրում էին «hordearii» մականունը, որը թարգմանաբար նշանակում է «գարի ուտողներ»։ Այս գրողի աշխատություններում կարդում ենք, որ գլադիատորները մոխրից պատրաստված տոնիկ էին խմում մարտերից հետո։  Գիտական ամսագրերից մեկում վերջերս հրատարակված հետազոտություններից մեկով հաստատվել է, որ գլադիատորներն իսկապես հիմնականում բուսական սնունդ էին ընդունում, հատկապես գարի ու ցորեն, և հավանաբար նաև մոխրաջուր էին խմում։    

Գլադիատորները հիմնականում գերեվարված ռազմագերիներ ու հանցագործներ էին, թեպետ ազատ մարդիկ ու կանայք ևս մասնակցում էին գլադիատորական խաղերին։ Հռոմեական Հանրապետության վաղ շրջանում  հուղարկավորության արարողությունների ընթացքում հռոմեացիներին զվարճացնելու համար արյունալի ներկայացումներ էին ցուցադրվում։ Դրանք ամենից ավելի հայտնի էին մ.թ. 2-րդ դարում։ Բերնի համալսարանի Դատաբժշկության ինստիտուտի և Վիեննայի բժշկական համալսարանի  գիտնականները ցանկանում էին ուսումնասիրել, թե ինչով էր գլադիատորների սննդակարգը տարբերվում  բնակչության մյուս շերտերի սննդակարգից։   

Սպեկտրոսկոպիայի միջոցով գլադիատորների ոսկորները իզոտոպային անալիզի ենթարկելուց հետո գիտնականները կարողացան հաստատել, որ գլադիատորները, ինչպես նաև Եփեսոսի բնակչության մեծ մասը հիմնականում բուսական մթերքներից կազմված սննդակարգ են ունեցել։ Անալիզի ենթարկված ոսկորները վերցվել են ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Եփեսոս քաղաքի գլադիատորական գերեզմանոցից, որը կառուցվել է մ.թ. 2-3-րդ դարերում։

ephesus-tombstone

Եփեսոսի գլադիատորական գերեզմանոցից պեղված տապանաքար © 2014 Lösch et al

 

Հետազոտությունից պարզ է դարձել, որ գլադիատորների գերեզմանոցում թաղվածների օրգանիզմում ստրոնցիումի և կալցիումի հարաբերակցությունն ավելի բարձր է եղել, քան նրանց հետ միևնույն ժամանակաշրջանում ու միևնույն տարածքում ապրած մյուս բնակիչներինը։  Սրանից հետևում է, որ գլադիատորների կողմից մոխրի տոնիկի օգտագործման մասին Պլինիոս Ավագի պնդումները հիմնավոր էին։

-Բույսերի մոխիրներն օգտագործվում էին գլադիատորների կողմից ֆիզիկական գերլարումից հետո օրգանիզմն ամրացնելու և վնասված ոսկորների ապաքինման գործընթացն արագացնելու համար։ Այն ժամանակներում ապրող մարդիկ շատ ընդհանրություններ ունեն ժամանակակից մարդու հետ։ Մենք էլ ենք ֆիզիկական գերլարումից հետո մագնեզիում և կալցիում ընդունում, պարզապես մենք դա անում ենք օրինակ՝ ֆշֆշան հաբերի միջոցով,-նշել է հետազոտական թիմի գլխավոր գիտնական Ֆաբիան Քանզը։   

Հունահռոմեական մշակույթի գիտակ, Մանոայի հավայան համալսարանի աշխատակից Դանիել Հարիս ՄակՔոյը նշում է, որ պետք չէ անվերապահորեն վստահել Պլինիոս Ավագի բոլոր աշխատություններին, քանի որ  դրանցում հանդիպում են նաև այնպիսի հատվածներ, որոնց դժվար է հավատալ։ Օրինակ, նա գրում է Հնդկաստանի՝ հողից ոսկի փորող մրջյունների և հալյուցինոգեն մրջյունների մասին։ Այնուամենայնիվ, Մակքոյը արժանահավատ է համարում գլադիատորների կողմից մոխրի տոնիկի օգտագործման մասին տեղեկությունը հատկապես այն պատճառով, որ Պլինիոսը հղում է կատարել մեկ այլ գրողի՝ Վառոյի աշխատությանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել