Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

5. Վարսակի շիլա


Մրգերով ու ընկույզով վարսակի շիլայից ավելի համեղ ու հեշտ պատրաստվող նախաճաշ հազիվ թե գտնվի։ Սա սիրված կերակրատեսակ է  աշխարհի բազում երկրներում։ Այնուամենայնիվ, ժամանակին վարսակն օգտագործվում էր բացառապես թռչուններին ու անասուններին կերակրելու համար։ Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ գերմանացի ներգաղթյալ Ֆերդինանդ Շումախերը սկսեց աղացած վարսակ վաճառել՝ իբրև մսային կերակրատեսակների այլընտրանք։   
Նրա բիզնեսը հիմնադրվեց Օհայո նահանգի Ակրոն քաղաքում և հետագայում դարձավ «Quaker Oats» ընկերության մի մասը։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո նրա բիզնեսն էլ ավելի խոշոր դարձավ և բարգավաճեց։ Երբ Շումախերի արտադրանքը հիացական գնահատանքի արժանացավ զինվորականների կողմից, Ֆերդինանդը սկսեց այնքան շատ պատվերներ ստանալ, որ պարզապես չէր հասցնում կատարել դրանք։

4. Գետնընկույզ 


Ենթադրվում է, որ գետնընկույզը ներմուծվել է Հյուսիսային Ամերիկա աֆրիկացի ստրուկների կողմից։ Սկզբնական շրջանում այն օգտագործվում էր իբրև անասնակեր։ Դրանով սնվում էին նաև աղքատները։ Գետնընկույզն սկսեց Ամերիկայում լայն տարածում ստանալ Քաղաքացիական պատերազմից հետո։
Բոված գետնընկույզն առաջին անգամ սկսեցին վաճառել XIX դարի վերջին այն կրկեսում, որը պատկանում էր ամերիկացի հայտնի շոումեն Թեյլոր Բարնումին։ Ավելի ուշ այն հնարավոր էր գնել նաև բեյսբոլի մարզադաշտերից, ինչպես նաև փողոցներից, որտեղ դրանք վաճառվում էին մթերային սայլերի և արկղերի մեջ։ Ամերիկացի հայտնի բուսաբան Ջորջ Վաշինգտոն Քարվերը, ով ակտիվ գործունեություն էր ծավալում ХХ դարի սկզբներին, մշակեց գետնընկույզով պատրաստվող կերակրատեսակների ավելի քան 100 բաղադրատոմս։

3. Սխտոր  

Ոմանք սիրում են սխտոր, ոմանք պարզապես տանել չեն կարողանում այն, սակայն մի բանում նրանք բոլորը կհամաձայնվեն. սխտորը հատուկ համ ու բույր է  հաղորդում ճաշատեսակներին։  Հում սխտորի օգտագործումից հետո մնացող սուր հոտի պատճառով այն դարեր շարունակ ուտելու անպիտան մթերք է համարվել Եվրոպայում։ ԱՄՆ-ում այն առհասարակ անտեսվում էր մինչև վերջերս։

Սուր հոտի պատճառով անգլիացիներն այն անվանում էին պլեյբեյների (ստորին դասի պատկանող մարդ) սննդամթերք։ Դրա օգտագործումը ճաշատեսակների մեջ անթույլատրելի էր համարվում հատկապես երիտասարդ սիրահար զույգերի համար։ Եվրոպացիներն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ են սկսել սխտոր օգտագործել։ Ամերիկացիները ևս երկար տարիներ շարունակ քամահրական վերաբերմունք ունեին սխտորի հանդեպ։ Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ երկիր ներգաղթեցին Լեհաստանի, Իտալիայի և Գերմանիայի մեծաթիվ բնակիչներ։ Նրանք ստիպեցին Ամերիկայի քաղաքացիներին փոխել իրենց վերաբերմունքը ժամանակին անտեսված այս մթերքի հանդեպ։

2. Երկբեղմնիկ շամպինյոն  



Քչերը գիտեն, որ հայերենում շամպինյոնն անվանվում է նաև «ոչխարասունկ»։ Այն չի օգտագործվել իբրև ոչխարների կեր։ Այս անվանումը տրվել է սոսկ այ բանի համար, որ այս տեսակի սունկն աճել է այն վայրերում, որտեղ արածել են ոչխարները։ Շամպինյոնը շատ հետաքրքիր պատմություն ունի, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբեք պետք չէ անտեսել լավ գովազդի կարևորությունը։ Մինչև 1980-ականները  խոշոր ու մսեղ երկբեղմնիկ շամպինյոնը (լատ. «Agaricus bisporus») չէր օգտագործվում իբրև սնունդ։ Մարդիկ այս սունկն ընդունում էին իբրև թափոն և  պարզապես դեն էին նետում։

Ամեն ինչ փոխվեց XX դարի վերջին տասնամյակներին։ Երբ ջերմոցային մշակման չենթարկված հում մթերքը սկսեց հայտնի դառնալ, այն նոր իտալական անվանում ստացավ. երկբեղմնիկ շամպինյոնն անվանվեց «պորտաբելլո» և սկսեց վաճառվել շուկաներում։ Այն օգտագործվում էր իբրև մսին փոխարինող սննդամթերք։ Գոյություն ունեին պատրաստման տարբեր եղանակներ. ոմանք լցոնում էին այս սնկերը պանրով, այլոք բանջարեղենով, իսկ որոշ մարդիկ էլ պարզապես թթու էին դնում երկբեղմնիկ շամպինյոնները և մատուցում դրանք կլոր հացով ու պանրով։  

1. Հավի թևիկներ


Տապակած հավի թևիկներն այսօր Ամերկայում անգամ հոթդոգից ու համբուրգերից էլ հայտնի են։ Աշխարհի մյուս երկրներում ևս այս մթերքը հաճույքով ուտում են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։ Քչերը գիտեն, որ նախկինում մինչև 1960-ականները հավի թևիկները շատ հազվադեպ էին օգտագործվում իբրև սննդամթերք։ Դրանք կա՛մ աղբի պես թափում էին, կա՛մ օգտագործում էին միայն արգանակ պատրաստելու համար։ Հավի թևիկների համար ճակատագրական շրջադարձ կատարվեց 1960 թ.-ին։ Նյու Յորքի Բուֆալո քաղաքի մի բնակիչ տապակեց հավի թևիկները և կծու սոուսով  մատուցեց իր հյուրերին։ Վերջիններս հիացած էին այս ճաշատեսակով։ Նոր ճաշատեսակի համը հաճելիորեն զարմացրել էր նրանց։ Աստիճանաբար հավի թևիկները հայտնի դարձան ողջ երկրով մե։ Ներկայումս ամերիկացիները տարեկան կտրվածքով միլիարդավոր հավի թևիկներ են ճաշակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել