Դե ի՞նչ, ձևավորվող ավանդույթի համաձայն, վազքից հետո երկու խոսք հանրահավաքի վերաբերյալ տպավորությանս մասին:
Հիշեցնեմ, որ դիտում եմ օնլայն՝ միաժամանակ, թեկուզ ժամանակավորապես, արտագաղթողի  և սփյուռքահայի դերում:
Որքան կարողացա պեղել ամենահաջող ու ինֆորմատիվ 7 օրական Անդոնի  և Ծառուկյանի ելույթի վերջում հապշտապ ընթերցած թեզերից, ներկայացվեցին քաղաքացիական անհնազանդության տարրեր, միաժամանակ 88-ի փորձից փոխառություններ պարունակող ծրագիր: Եվ «Միացում» կարգախոսը,  և տարածքային կոմիտեների ստեղծման մտադրությունը այն տարիներից են ու սխալ չեն: Զուգահեռ իշխանություն դառնալն ու «ազնիվ» իշխանականների կողմ կամուրջներ գցելն էլ նոր գաղափար չէ, բայց էլի ճիշտ է: Խաղաղ իշխանափոխության հասնելու այլ արդյունավետ ճանապարհ չի երևում: Պարզապես պարզ չէ, թե ի՞նչ նոր բան է հակադրելու իշխանությունների սադրելիք նոր Մարտի 1-ին Ծառուկյանը, քանի որ արդեն գիտենք, որ նմանատիպ պայմաններում ո՛չ Լևոնը, ո՛չ Րաֆֆին, ոչ էլ Դեմիրճյանը հակադրելու բան չգտան:
Լավ չլսեցի, բայց կարծես թե Ծառուկյանը էլի ինչ-որ ժամանակ տվեց՝ ինչ-որ պահանջներ կատարելու համար:
Ծառուկյանի դեպքում նաև պարզ չէ, թե ինչ է նա անելու, երբ իշխանությունները մի 77 հոդվածներով իրական մեղադրանքներ ներկայացնեն իրեն:
Լևոնի ելույթը հանգիստ կարելի է դասել նրա ամենավատ ելույթների շարքին: Այնքան իրեն ընդդիմացողների նկատմամբ չարությունն ու նենգությունը չեն զարմացնողը, որքան անտաղանդ, ողորմածիկ Արամայիս Սահակյանի տափակ կատակներից էլ տափակ կատակներով ավարտը: Կարծես թե գործ ունենք անշրջելի զառամախտի սիմպտոմների հետ:
Ծառուկյանի մեյդան գալը ներկայացվեց որպես նրա գալուն չհավատացողների ֆիասկո: Սակայն ես՝ որպես չհավատացողներից մեկը, չեմ հավատացել, որ Ծառուկյանը կգա  և կօժանդակի նախորդ համաժողովրդական շարժման հաղթանակին: Թերևս այն ժամանակ անհավատալի էր նաև, որ Լևոնն ու իր, մեղմ ասած, հավատարիմների խմբակը կգնան ու կծառայեն Ծառուկյանին՝ նրա թագավորական ամբիցիաների իրագորման համար, ինչին հիմա ենք վկա:
Էլ ի՞նչ ասեմ: Խղճուկ էր Րաֆֆին, իր մշտական, գորշ, անկրակ ամպուլայում էր Ստեփանը:
Հա մեկ էլ Մարինե Պետրոսյանի՝ Ծառուկյանից սպասած տնտեսական ծրագրի վերաբերյալ: Լավ ծրագիր էր:  Ոնց որ նա խմեց մեր ժողովրդի կենացը, այնպես էլ ես եմ խմում իր կենացը։ 
Հ.Գ. Ամենակարևորը մոռացա:
Եվրամիության ու Եվրասիական միության միջև  հավասարության նշան դնելու փորձերը, Ռուսաստանի թելադրող դերին համարժեք Ֆրանսիայի   և  Գերմանիայի պես ժողովրդավարական երկրներին նշելը, ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու գիտակցված փորձեր էին: Ամոթ էլ է հիշեցնել, որ Եվրամիություն գնում են հանրաքվե անելով, որ Եվրամիության վերազգային գործադիր կառույցին վերահսկող, ժողովուրդների կողմից անմիջականորեն ընտրվող Եվրապարլամենտ կա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել