ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթից հետո խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքում դարձյալ կային վիրավորական շեշտադրումներ ու դարձյալ այն ընդդիմադիրների հասցեին, ովքեր չեն միացել Եռյակին: Նա այդ ուժերին որակեց «լուսանցքային» բառով: Առաջին նախագահն ավելի շատ «լուսանցքայիններին» քննադատեց, քան իշխանությանը՝ ձեռքի հետ էլ փաստաբանություն անելով Գագիկ Ծառուկյանի համար: Տեր-Պետրոսյանը համարյա բաց տեքստով նշեց, որ եթե հակադրվենք Ռուսաստանին, կջնջվենք աշխարհի քարտեզից. նա հավելեց, որ Հայաստանում հակառուսականության հասարակական ռեսուրս չկա: Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանցված համարեց այն պնդումները, թե իբր Հայաստանն, անդամագրվելով ԵՏՄ-ին, կորցնում է իր ինքնիշխանությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ առաջին նախագահն արգումենտներ է բերում Հայաստանի եվրասիական ընտրությունն արդարացնելու համար: Տեր-Պետրոսյանը դարձյալ խոսեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, բայց հավելեց, որ շարժման տակտիկան հանրայնացնել չի կարելի. նա նշեց, որ շարժման ղեկավարությունն ինքնուրույն է որոշելու շարժման մարտավարությունը ու խնդրեց, որ ժողովուրդը քվեարկությամբ լիդերներին տա այդ իրավունքը: Տեր-Պետրոսյանի տրամադրությունն այսօր բարձր էր. նա որոշեց մի քանի անեկդոտ անգամ պատմել, ընդ որում՝ իրեն ոչ բնորոշ բառապաշարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել