Օրերը տարի ձգվող վայրկյաններից հյուսված բավիղներ էին: Ցավոք, ժամանակը սարսափելի կերպով սուղ չէր: Սփոփանքի տնակը մտքերն ու բառերն էին, որ երբեք չէին գտնելու իրենց տեղն օդում: Ամենը կանգնած էր, ամենքը` անցա՜ծ-գնացա՜ծ:
Անցած-գնացած օրերից հիշում ես գնացած «անցորդներին»: Չէ՜, երևի միշտ էլ բռունցքներում մի վիշտ բռնած են գնում նրանք, ու երբեք չես իմանում` ցավե՞ց: Միայն տարիներ հետո, պատահաբար հանդիպելով փողոցում, ակամա նայում ես ձեռքերին. ափերում մշուշոտ սպիներ են լինում: Ցավեց: Խեղդվում ես:
Խեղդվում ես հուշերով, հեռացած «անցորդներով», աննպատակ օրերով: Խեղդվում ու չես նկատում` կյանքիդ կեսը խեղդված անցար:
Կոկորդին կանգնած փղձուկը անորսալի ձուկ է. ուզում ես բռնել, հանել` լավ իմանալով տեղակայման կիզակետը, բայց հսկա կետերն արդեն վաղուց կուլ են տվել նրան` թողնելով միայն ծովի ոռնոցը կարոտից:

Հոգի՞դ է ոռնում կարոտից, թե՞ կարոտը` ինքը, որ էլ չի կարոտում :

Չգիտես : Եվ նույնիսկ իմանայիր էլ, չէիր ասի, միայն եթե չսիրեիր խենթի պես: Բայց սիրելն էլ շատ անիմաստ երևույթ է. ատելություն չի թողնում:
Իսկ ի՞նչ անես: Ի՞նչ ունես: Էլի փղձուկը: Մտքովս անցավ ` փի՞ղ թե՞ ձուկ:

Մեր մեջ միշտ էլ աֆրիկյան փղեր են ապրել` ծարավ, մենակ, խռով: Բայց երազում, երազում, ուր անհատակ մուգ ծովում մեր փղերը խորտակվում են, երազում ենք ձուկ դառնալ, որ մոռանանք ծանրությունը. մեր փղերը հենց մեզ վրա չափից շա՜տ դուրս ծանր են նստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել