Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

5. Ինչո՞ւ է Ազատությունը մերկ

 

Ֆերդինան Վիկտոր Էժեն Դելակրուա, «Ազատությունը բարիկադների վրա», 1830

Ըստ արվեստագետ Էթիեն Ժյուլի՝ Դելակրուան այս գեղանկարի կնոջ դեմքը նկարել է՝ իբրև բնորդուհի օգտագործելով Փարիզի հեղափոխական գործիչներից մեկին՝ լվացարարուհի Աննա Շարլոտային։ Վերջինս բարիկադներ դուրս եկավ այն բանից հետո, երբ թագավորական բանակի զինվորները սպանեցին նրա եղբորը։ Վրեժխնդիր լինելու համար Աննա Շարլոտան սպանեց 9 գվարդիականի։ Նկարիչը նրան պատկերել է մերկ կրծքերով։ Նրա կարծիքով՝ դա անվեհերության ու անձնվիրության, ինչպես նաև ժողովրդավարության խորհրդանիշ է։ Բաց կուրծքը ցույց է տալիս, որ հասարակ մարդկանց պես Ազատությունը ևս սեղմիրան չի կրում։

4. Քառակուսի, որը բնավ էլ քառակուսի չէ

 

Կազիմիր Մալևիչ, «Սև քառակուսի», 1915

Իրականում Մալևիչի «Սև քառակուսին» բնավ էլ սև չէ, ոչ էլ քառակուսի։ Քառակուսու 4 անկյուններից ոչ մեկը զուգահեռ չէ կողմերից որևէ մեկին։ Ինչ վերաբերում է սև գույնին, այն ստացվել է տարբեր գույների ներկերի խառնուրդից։ Ընդ որում, այդ ներկերից և ոչ մեկը սև չէր։ Համարվում է, որ դա հեղինակի անփութության արդյունքը չէ, այլ նրա սկզբունքային դիրքորոշման դրսևորումը։ Նա պարզապես ձգտում էր ստեղծել դինամիկ ու շարժուն կառուցվածքի ստեղծագործություն։

3. Ծեր ձկնորսը

 

1902 թ.-ին հունգարացի նկարիչ Տիվադար Կոստկա Չոնտվարին նկարեց «Ծեր ձկնորսը» ստեղծագործությունը։ Թվում է, թե նկարի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Սակայն սա միայն առաջին տպավորությունն է։  Տիվադարը ենթատեքստ է դրել գեղանկարի մեջ, որն այդպես էլ չբացահայտվեց նկարչի կենդանության օրոք։

 

Քչերի մտքով կարող էր անցնել հայելի դնել նկարի մեջտեղի հատվածում։ Յուրաքանչյուր մարդու մեջ կարող է բնակվել ինչպես Աստված (ուշադրություն ծերուկի աջ ուսին), այնպես էլ սատանա (ձախ ուսին)։

2. Ավստրիացի Մոնա Լիզայի մելոդրամը

 

Գուստավ Կլիմտ, «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը», 1907

Կլիմտի ամենահայտնի կտավներից մեկի վրա պատկերված է ավստրիացի բիզնեսմեն Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի կինը։ Ողջ Վիեննան քննարկում էր Ադելի բուռն սիրավեպը հայտնի նկարչի հետ։ Ադելի խոցված ամուսինը ցանկացավ վրեժ լուծել սիրեկաններից և դրա համար ընտրեց մի շատ արտասովոր տարբերակ։  Նա որոշեց Կլիմտին պատվիրել Ադելի դիմանկարը և ստիպել նկարչին հարյուրավոր ուրվանկարներ նկարել՝ հուսալով, որ այդ երկար ժամանակահատվածում նկարիչը կզզվի Ադելից։

Բլոխ-Բաուերը ցանկանում էր, որպեսզի նկարի աշխատանքները մի քանի տարի տևեն, և բնորդուհին կարողանար տեսնել, թե ինչպես են մարում Կլիմտի զգացմունքները։ Նա նկարչին մի այնպիսի գումար առաջարկեց դիմանկարի դիմաց, որից Կլիմտը չկարողացավ հրաժարվել, և ամեն ինչ խաբված ամուսնու սցենարով ստացվեց։ Ստեղծագործությունն ավարտին հասցնելու համար 4 տարի պահանջվեց։ Սիրեկանները վաղուց արդեն սառել էին իրար հանդեպ։ Ադել Բլոխ-Բաուերն այդպես էլ երբևէ չիմացավ, որ ամուսինը գիտեր Կլիմտի ու իր սիրավեպի մասին։  

1. Գեղանկար, որը կյանքով լցրեց Գոգենին

 

Պոլ Գոգեն, «Որտեղի՞ց ենք եկել, ո՞վ ենք, ո՞ւր ենք գնում», 1897-1898

Գոգենի ամենահայտնի կտավը մի առանձնահատկություն ունի. այն «կարդացվում է» ոչ թե ձախից աջ, այլ աջից ձախ, ինչպես այն առեղծվածային տեքստերը, որոնցով նկարիչը հետաքրքրվում էր։ Հենց այս հերթականության մեջ է ամփոփված մարդու հոգևոր ու ֆիզիկական կյանքի այլաբանությունը. հոգու ծննդից (աջ ստորին անկյան քնած երեխան) մինչև մահվան անխուսափելիություն (ձախ ստորին անկյան թռչունը, որն իր մագիլներում մողես է պահել)։

Գեղանկարը նկարվել է Գոգենի կողմից Թաիթիում, որտեղ նկարիչը մի քանի անգամ խույս է տվել քաղաքակրթությունից, սակայն այս անգամ կղզում կյանքը  հարթ չընթացավ. չքավորությունը դեպրեսիայի հասցրեց նրան։ Ավարտին հասցնելով գեղանկարը, որին վիճակված էր նրա հոգևոր կտակը դառնալ, Գոգենը վերցրեց մկնդեղի տուփը և ուղևորվեց լեռներ՝ այնտեղ ինքնասպանություն  գործելու, սակայն նա ճիշտ չափաբաժնով չէր ընդունել մկնդեղը, ուստի ինքնասպանությունը չհաջողվեց։ Առավոտյան նա մի կերպ հասավ իր խրճիթը և այնտեղ քնեց, իսկ երբ արթնացավ, ապրելու անհագուրդ ցանկություն զգաց։ 1898 թ.-ին նրա ստեղծագործական կյանքում դրական փոփոխություններ կատարվեցին։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել