Հարվարդի համալսարանի տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում ամեն տարի սննդամթերքի մոտ 40 տոկոսը դեն է նետվում։ Դեն նետված սննդամթերքի արժեքը գնահատվում է 165 մլն. դոլար, մինչդեռ ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ աշխարհում 1 միլիարդ 17 միլիոն մարդ սովամահ է լինում։ Ձեռնարկատեր, ճամփորդ ու էկոլոգ Ռոբ Գրինֆիլդը որոշել է ամերիկացիներին ցույց տալ, թե որքան ուտելիք է հայտնվում աղբամանում։ Այնինչ այդ ուտելիքը կարելի էր տրամադրել կարիքավորներին։ Գրինֆիլդը հեծանվարշավի է դուրս եկել ԱՄՆ-ով մեկ, որի ընթացքում սնվել է միայն աղբամաններից։ Ռոբ Գրինֆիլդի մտահղացման մասին ավելին իմանալու համար աչքի անցկացրեք ստորև ներկայացված լուսանկարներն ու մեկնաբանությունները։


Ռոբ Գրինֆիլդի նախաձեռնության նպատակն էր ոչ միայն ուշադրություն հրավիրել մթերքների հանդեպ ցուցաբերվող անխնա վերաբերմունքի վրա, այլև համաքաղաքացիներին համոզել դեն չնետել ավելորդ սնունդը, այլ տրամադրել այն կարիքավորներին։


Ռոբ Գրինֆիլդի հետ ակցիային մասնակցություն ցուցաբերեցին տասնյակ կամավորներ, ովքեր օգնում էին նրան տարբեր երկրներում հայթայթել աղբամաններ։ 


Հեծանվարշավի ընթացքում Ռոբն ու իր թիմը հավաքեցին լավ որակի տարբեր սննդամթերքներ, որոնք փչացած չէին։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 10 000 դոլար։ Անշուշտ, Ռոբը միայնակ չէր յուրացնում այդ ողջ պաշարը,  նա իր թիմակիցների հետ բաժանում էր դրանք Ամերիկայի տարբեր քաղաքների աղքատ բնակիչներին։ 


Ռոբ Գրինֆիլդը պնդում է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքում կարելի է միայն մի գիշերվա ընթացքում աղբամաններից այնքան սնունդ գտնել, որը կբավականացնի հարյուր մարդու կերակրելու համար։ 


Այսպես կոչված «աղբային նախաձեռնության» մասնակիցներն աղբամաններում գտնում էին արկղերով թարմ մրգեր, հաց, եգիպտացորենի փաթիլների փակ տուփեր, տարատեսակ անուշեղեն և այլ պիտանի մթերքներ։  


Ռոբն ու իր թիմը աղբամաններից հանած մթերքը դնում էին այգիներում կամ փողոցներում՝ խնդրի վրա ուշադրություն գրավելու և մթերքը բոլոր ցանկացողներին տրամադրելու համար։   


Տեսնելով հսկայական քանակությամբ մթերքները փողոցում շարված՝ մարդիկ սկսում էին հասկանալ, թե որքան մեծ օգնություն կարող էր այդ մթերքը լինել անապահով ընտանիքների համար։ Փաստորեն, Ռոբ Գրինֆիլդին հաջողվեց հասնել իր գլխավոր նպատակին։ 




Պարզվեց, որ ամենից շատ սուպերմարկետներն ու ռեստորաններն են սննդային աղբ արտադրում։ Այս կառույցներում սնունդը հաճախ աղբաման է նետվում սոսկ վատ արտաքին տեսքի պատճառով կամ այն պատճառով, որ վաճառասեղաններին բավականաչափ ազատ տեղ չկա դրանց համար։


Ըստ Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության տվյալների՝ 317 ամերիկացուց 50-ը նորմալ սնվելու համար բավականաչափ սննդամթերք հայթայթելու խնդիր ունի, մինչդեռ շատ ամերիկացիներ անխնա դեն են նետում ուտելու պիտանի սննդամթերքը։ 


Գրինֆիլդն իր կայքում գրել է.

«Սովորաբար այն ընկերությունները, որոնք չեն ցանկանում մթերքների ավելցուկը տրամադրել կարիքավորներին, վախենում են դատական քաշքշուկներից։ Այնինչ, ըստ Արկանզասի համալսարանում անցկացված հետազոտության, մինչ օրս ոչ մի դատական գործ չի հարուցվել կարիքավորներին սննդամթերք բաժանող որևէ ընկերության վրա»։ 


Բացի այդ՝ ԱՄՆ-ում գոյություն ունեն ոլորտը կանոնակարգող հատուկ օրենքներ, որոնցով պաշտպանվում են կարիքավորներին անվճար սննդամթերք  տրամադրող ընկերությունների իրավունքները։  


Չիկագո կատարած այցելության ժամանակ Գրինֆիլդը հանդիպեց Ամերիկայի ամենաաղքատ շրջաններից մեկի՝ Էնգլվուդի բնակիչների հետ։ Այնտեղ նա պարզեց, որ նրանց մեծ մասը թերսնված է։ Այս մարդիկ անգամ ընթրիքի համար անհրաժեշտ գումար չունեն և կիսաքաղցած են քնում։ 


Երբ Ռոբ Գրինֆիլդը պատմեց բնակիչներին, թե որքան լավ սննդամթերք կարելի է գտնել աղբամաններում, նրանք պարզապես չէին կարողանում հավատալ Ռոբի խոսքերին։ 


Այդ ժամանակ Ռոբը նրանց հետ միասին ուղևորվեց քաղաքամերձ աղբամանները պրպտելու։ Ի զարմանս այս աղքատ շրջանի բնակիչների՝ երկու ժամից էլ քիչ պահանջվեց ջիփը 2500 դոլար արժողությամբ լավ ու պիտանի սննդամթերքով լցնելու համար։  


Իր հեծանվարշավի ընթացքում Ռոբ Գրինֆիլդն այցելեց այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Չիկագոն, Դտրոյթը և Վաշինգտոնը։ 


Սա արդեն Ռոբի երկրորդ նմանատիպ ակցիան է։ Մի քանի ամիս առաջ նա ավելի քան 6.5 հազար կիլոմետր հատեց իր հեծանվով և աղբամաններից «փրկեց» ուտելու համար պիտանի 127 կգ սննդամթերք։ 


Ռոբը ներկայումս էլ է շարունակում իր հեծանվարշավն Ամերիկայում, որպեսզի ամերիկացիներին ցույց տա, թե Ամերիկայում որքան որակյալ սննդամթերք է ամեն օր աղբարկղ նետվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել