Որ սկսում են խոսել ԵՏՄ մտնելու պատճառով հավանական գնաճ ունենալու մասին, ապա գոնե ինձ մոտ դա լավագույն դեպքում քմծիծաղ է առաջացնում, քանի որ ցանկացած տնտեսագիտական կանխատեսում ոչ մի աղերս չունի Հայաստանի հետ, քանի որ ՀՀ տնտեսական դաշտը դուրս է ցանկացած տնտեսական տրամաբանությունից ու աշխատում է իր օրենքներով։

Կարելի ա, իհարկե, դնել ու լուրջ քննարկել, թե որ ապրանքը կթանկանար, և որը կիջներ ինչ-որ մի հիպոթետիկ Հայաստանում, եթե այդ Հայաստանի տնտեսությունն ու ներքին շուկան գրեթե ամբողջովին մոնոպոլիզացված չլիներ ու ենթարկվեր տնտեսական օրենքներին ու տրամաբանությանը։

Խնդրեմ, նայեք. Սա Կրասնոդարի խանութների միջինացված գներն են՝ նոմինալ ու այնտեղ աշխատավարձի ուղղմամբ և դրամային արտահայտմամբ։ Ընդ որում, ռուբլու կուրսն էլ հաշված է 10.77 դրամ, այն դեպքում, երբ հենց հիմա 9.8-ի կարգի է։

 

Ապրանքների 90 տոկոսը Ռուսաստան տեղ ավելի էժան ա, անգամ նոմինալ գնում, երբ հաշվի չենք առնում, որ ռուս միջին սպառողի միջին եկամուտը էականորեն բարձր ա հայ սպառողի միջին եկամուտից, հետևաբար՝ գնողունակությունն էլ շատ ավելի բարձր ա։ Չթվարկեմ հատ առ հատ, ինքներդ կարող եք նայել թվերը, բայց ես չեմ պատկերացնոււմ, թե այդ ինչ տրամաբանությամբ, օրինակ, կարագը կարա 2 անգամ ավելի թանկ լինի Հայաստանում։ Լավ, կարագն էլ ջհանդամ։ Բա ձո՞ւն։ Էդ էլ հո ստեղ ինքնուրույն արտադրու՞մ ենք։ Ո՞նց ա նենց լինում, որ 2 անգամ ավելի թանկ ա, քան Կրասնոդարում։ Այսինքն՝ եթե ես հիմա գնամ Կրասնոդարից մի երկու ֆուռ ձու բերեմ հունվարի 1-ին, ու ինձ սահմանի վրա չխփեն դրա համար, ես առնվազն մի 10-15 դրամով ավելի էժան կարամ էդ ձուն խանութներին տամ, քան տեղական արտադրանքն ա։

Առակս ինչ կցուցանե։ Ուզում ես ԵՏՄ մտի, ուզում ես ԵՄ մտի, ուզում ես Գալակտիկայի Պահապանների Լեգիոն մտի, եթե մեր ներքին շուկայում գին են թելադրում մի քանի հաստավիզ՝ ելնելով իրենց քմահաճույքից ու նագլիությունից, ոչ մի ԵՏՄ-ի ու Գալակտիկական Լիգային տարիֆներ չեն կարող սկզբունքային նշանակություն ունենալ։ Էդ բոլորը երկրորդական դերակատարություն ունեն։ Դրա համար ոչ թե ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի կամ էլ Գալակտիկական Լիգաների դեմ ա պետք առաջնային պայքար մղել, այլ մենաշնորհային ու ստվերային տնտեսության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել