IMG_2195

Շարունակեմ։ 1994թ. չի կարելի համեմատել ո՛չ 1996-ի հետ, ո՛չ 2004-ի… առավել ևս՝ 2014-ի… ՀՀ լուսավորության նախարար նշանակման օրը ես գնում եմ նախարարություն՝ Խորենացի փողոցի հայտնի շենքը՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ, որ արդեն քանի տարի մասնավորեցվել է։ ՀՀ կառավարությունից ոչ ոք չի ուղեկցում, չի ներկայացնում, ինձ դիմավորում են նախկին նախարարի խորհրդական Սերգեյ Հարությունյանը և օգնական Սուսան Հովհաննիսյանը…

Նախարարությունում ինձ՝ ՀՀ ԳԽ պատգամավորիս ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրենիս, իհարկե, բոլորն են ճանաչում, սպասում… բացի նախկին նախարար, մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Ղազարյանից… Ուզում եմ հավատալ, որ Հայկ Ղազարյանի նման վերաբերմունքն ինձ հետ կապ չուներ և ուղղված չէր ինձ, այլ ՀՀ նախագահին, վարչապետին: Ես, ինչպես և նա, երևի միաժամանակ, կամ մեկ-երկու օրվա տարբերությամբ ենք իմացել փոփոխությունների մասին: Պարզապես անգիրք, ցուրտ, չաշխատող, գործադուլային վիճակում հայտնված դպրոցական համակարգում  մի անհուսություն-անշարժություն էր հաստատվել, որ… հիշել էին ինձ… մի «ֆոկուս» կանի Բլեյանը… Հայկ Ղազարյանի հետ նախկինում մենք թռուցիկ էինք հանդիպել։ 1990թ. Հայաստանի ժողկրթության նախարարությունը կիսվեց լուսավորության և բարձրագույն կրթության և գիտության նախարարությունների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտնվեց բարձրագույն կրթության և գիտության նախարարության համակարգում. ես գործել եմ նախարար Վիլեն Հարությունյանի անմիջական ենթակայությամբ: Ի դեպ, բարձր կարծիքի եմ պրոֆեսոր Վիլեն Հարությունյանի մասին. նրա հետ հեշտ էր աշխատել՝ դյուրին-սիրով արձագանքում էր իմ  բոլոր նախաձեռնություններին. առաջադեմ էր, միշտ պոզիտիվ (նպաստող)…

Նախարարի ընդարձակ սենյակը, ինչպես նախարարության ողջ շենքը, չէր ջեռուցվում: Չէր ջեռուցվում, ի դեպ, և ՀՀ նախագահի նստավայրը… Նախարարի սենյակին կից առանձնասենյակում նավթի վառարան էր դրված. միացրինք։ Եկան փոխնախարար Վովա Մշեցյանը, վարչության պետեր… սեղանին հայտնվեց կոնյակի շիշ, լցվեցին բաժակներ։ Այսպես, ինձ նման, ինչպես կրթահամալիրում, պարզ-անմիջական-մարդավարի սկսվեց իմ նախարարական գործունեությունը…

Իսկ ֆոկուսը չաշխատող, լռված համակարգում մեկն էր՝ գործի դնել, փոքր ու մեծ գործերով, արձագանք առաջացնող խոսքով ու նախաձեռնություններով ներքաշել մարդկանց քննարկման, աշխատանքային բանավեճի, առաջացած խնդիրները լուծելու ընթացքի մեջ…

Տանել չեմ կարողանում, երբ ինձ սպասում են. չեմ ունեցել «դասական» վարորդ (շեֆի «պադավատ», շեֆի քարտուղար, օգնական)… Հիմա չունեմ և առանձնասենյակ, ինձ չեք կարող կոնկրետ սպասել. ես մոտենում եմ ձեզ ձեր աշխատանքային վայրում. համեցեք, լսում եմ, քննարկում եմ, որոշում եմ… Ես հակաբյուրոկրատ եմ իմ էությամբ, տեսակով…

Պարբերաբար դուրս էի գալիս ընդունարան. ո՞վ է սպասում, ինչո՞ւ, չպիտի սպասի։ Պատասխանում-ճանապարհում էի հենց ընդունարանից. աշխատասենյակում ես կարող եմ քննարկել, նիստ անել, երբ ինձ չեն սպասում՝ ո՛չ վարորդը, ո՛չ ընդունարանում որևէ մեկը… Հիվանդությո՞ւն է. չի բուժվում:

- Ե՞րբ կարող ենք մոտենալ, հանդիպել, – հաճախ հարցնում են։
- Մոտեցել եք, հանդիպել եք,- ասում եմ փողոցում, ծառայական ավտոմեքենայի մոտ, ինչ-որ մի կոնֆերանս-նիստի արանքում…
- Ո՞նց, հիմա՞:
- Մի՛շտ,- պատասխանում եմ։

Ես կարող եմ և ստորագրում եմ դիմումի, փաստաթղթի, գրության վրա հենց պատուհանի գոգին, ավտոմեքենայի թիթեղի կամ գրքի վրա… Ես պատասխանում եմ բոլոր՝ յուրաքանչյուր հեռախոսազանգին, եթե մարդը, անկախ դիրքից, հենց ինձ է ուզում… Այսօր էլ ես ամենամատչելի ղեկավարն եմ տարածաշրջանում՝ Բանգլադեշում, Արցախում, Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանում էլ, Թուրքիայում էլ… Տեսնող է եղել, և այդ մեկը դուք եք, հարգելի օրագրի ընթերցող-չընթերցող: Կարդացի՞ք այս պնդումը՝ փոխանցեք. թող «քոմենթի» ինձ վրա և նա, ով համաձայն չէ… Ես մոբիլ եմ…

Նախարարի մեքենան դարն ապրած 24-10 էր։ Հիշում եմ՝ 1994-ի դեկտեմբերին երևի, պիտի Վանաձոր դահլիճային հանդիպման գնայի, լռվեցի Ապարանում… Մեքենան անպետք էր… Ապարանի գործկոմի նախագահի մեքենայով շարունակեցի ճանապարհը… Ես երբեք չեմ վախեցել անծանոթ մարդկանց դահլիճներից, հրապարակային-մասնագիտական-քաղաքական քննարկումներից…

Իմ 1994-96 թթ. գործունեության ընթացքում ես 3 անգամ շրջագայել եմ Հայաստանում, եղել բոլոր շրջկենտրոններում. նախօրոք հայտարարված բաց դահլիճային հանդիպում-քննարկումներ եմ ունեցել 100-ից 300 հոգիանոց լսարաններում: Այդպես և Արցախում ու Ջավախքում: Չի եղել որևէ ձախողված հանդիպում. այո´, լարված են սկսվել հանդիպումները, դժվար են ընթացել. չէր կարող 1994-96-ին այլ կերպ լինել, բայց միշտ ավարտվել են ջերմ, մարդկային հասկացումով… ծափերով… Հիմա էլ, երբ ճամփորդում ենք, ամենուր ինձ ոչ միայն ճանաչում են, այլև ջերմ-ընդառաջող վերաբերմունքի են արժանացնում՝ քանի հոգիանոց խմբով էլ որ լինենք… Չնայած ո՞ւր է 1996թ.-ը… Ես ոչ մի պետական պաշտոն չունեմ արդեն 18 տարի. եղել և մնում եմ նորին մեծություն ընդդիմություն՝ «Նոր ուղի», բայց ինձ հետ սոված, անտանիք չես մնա… Մարդիկ վերադարձնում են: Իմ հոր պատգամին՝ «շան տղա, մարդուն մի վնասի, օգնի, պարտք չմնաս, կտաս», չեմ կարող դավաճանել, ես էս եմ:

1994-ի դեկտեմբերին ես հենց Հայաստանի ԳԽ ամբիոնից՝ նիստերի դահլիճում, ներկայացրի հանրակրթության բարեփոխման ուղենիշները… Պատկերացնո՞ւմ եք դպրոցական կրթության փակուղային վիճակը, որ մի քանի օրական նախարարից պատգամավորները պահանջում-խնդրում են հրապարակել գործողությունների պլաններ, քայլեր… Այո, քայլեր էին պետք. ես շնորհակալ եմ կրթահամալիրին, իմ ընկերներին, ովքեր ինձ հետ եղան ամենուր, անդավաճան… Կրթահամալիրը ողջ ներուժով, մարդկային տաղանդով, աշխատեց հանուն Հայաստանի լուսավորության… Մի քանի շաբաթ հետո, 1995-ին, երբ նախարարության համակարգի բաց աշխատանքային խմբի հետ արտագնա 1-2 օր փակվեցինք, քննարկեցինք, ի մի բերեցինք իմ առաջարկները… քայլերը… Ծնվեց, այսօր էլ, վստահ եմ, իր թարմությունը չկորցրած, բարալիկ-անկեղծ-հեղինակային այդ գրքույկը՝ կոլեգիայի որոշումը՝ «Հանրակրթության բարեփոխման ուղենիշները»… Ուղենիշ էլ եղավ… Աշխատող, թմբիրը թոթափած դպրոցը, ուսուցիչը սկսեցին քննարկել-խոսել-հայհոյել-յուրացնել բլեյանական գրքերը, ծրագրերը, մեթոդական ուղեցույցները, ուսուցման կազմակերպման նորամուծությունները… Կենդանի դպրոցն իր կենդանի նախարարով, մարդկանցով սկսեց ապրել փոփոխությունների միջավայրում՝ հասարակության, հասարակական կյանքի կենտրոնում հայտնվեցին նախարարն իր անձով ու բերած փոփոխություններով, դպրոցն իր ուսուցչով ու խնդիրներով, որոնք էն ժամանակ էլ, հիմա էլ մի նախարարություն չեն ու չպիտի լինեն… Հանրային կրթությունն ինչպե՞ս կարող է դառնալ, թույլ տալ, որ դառնա, գերատեսչական… Բլեյանական «ֆոկուսը» հենց այս մի բանաձևի մեջ էր:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել