Tert.am-ը գրում է․

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով՝ խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և «երկրում աստիճանաբար երկբևեռ 
դասական քաղաքական համակարգի ձևավորմանը»:

Մամուլում արդեն իսկ հրապարակում կա («ՀԺ», «Երկբևե՞ռ. ՀՀԿ և ԲՀԿ» վերնագրի ներքո) այն մասին, որ սրանով փաստորեն երկրում իշխանությունը բաժանվում է երկու բևեռի՝ Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև, և ըստ նույն թերթի՝ մի շարք հանրապետականներ սա նկարագրել էին որպես դասական երկու-եռակուսակցական մոդել, ինչպես ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Նշենք, որ սահմանադրական բաներփոխումների հայեցակարգով՝ այդ երկբևեռ բաղադրիչը վերաբերում է «կուսակցական այնպիսի համակարգի ձևավորմանը, որը բավական երկար ժամանակ է պահանջում և որի հիմնական նպատակը ընտրազանգվածի հնարավորինս մեծ ազդեցության ապահովումն է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից վարվող քաղաքականության վրա: 

Երկբևեռ կուսակցական համակարգը բնորոշվում է նրանով, որ քաղաքական դաշտում առկա են երկու հիմանական բևեռներ՝ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի տեսքով, որոնք մրցակցում են միմյանց հետ կառավարման ղեկը ստանձնելու համար: Հենց այդ երկու բևեռներն են հանդիսանում խորհրդարանի խոշորագույն ուժերը, որոնցից մեկը ստանձնում է կառավարման ղեկը, իսկ մյուսը՝ ընդդիմության դերը: 

Եթե Հայաստանի կուսակցական համակարգը զարգանա այդ ուղղությամբ, ապա խորհրդարանի ընտրությունների միջոցով ընտրողը գործնականում հնարավորություն կստանա վճռորոշ ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե որ քաղաքական ուժը կստանձնի երկրի կառավարումը: Խորհրդարանի երկրորդ մեծ քաղաքական ուժը, ունենալով վերահսկողության նոր և մեծ լծակներ, կկարողանա իր քննադատության և այլընտրանքներ առաջարկելու միջոցով հակադրվել քաղաքական մեծամասնությանը, ազդել հասարակական կարծիքի վրա և հող նախապատրաստել կառավարական պատասխանատվությունը ստանձնելու համար: 

Եթե նման երկբևեռ կուսակցական համակարգ ձևավորվի, ապա հաջորդ ընտրության ժամանակ ընտրողը հնարավորություն կստանում գնահատել այդ կառավարության աշխատանքի արդյունքները, համապատասխան հետևություններ անել և իր քվեն տալ կամ նույն մեծամասնությանը, կամ էլ ընդդիմադիր քաղաքական ուժին: Դրանով կապահովվի ժողովրդավարական կառավարման ամենաէական կանոնը՝ ժողովուրդն ինքն կընտրի և կփոփոխի իր կառավարությունը: 

Իհարկե, նման համակարգը չի կարող միանգամից ձևավորվել, և այն առաջին հերթին քաղաքական գործընթացներից է կախված: Սակայն ինստիտուցիոնալ մեխանիզմները նույնպես կարող են կարևոր դեր խաղալ, և հենց դա է, որ շեշտված է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Նախ, խորհրդարանական համակարգն ինքնին բարենպաստ է երկբևեռ կուսակցական համակարգի համար, քանի որ այն կտրուկ մեծացնում է Ազգային Ժողովի դերը երկրի քաղաքական համակարգում, իսկ նրանում վճռորոշ դերը պատկանում է հենց քաղաքական կուսակցություններին: Բացի այդ, եթե ընտրական համակարգի հիմնական գծերը սահմանվեն հենց սահմանադրությամբ և դրանով կայունություն ձեռք բերեն, ապա կուսակցական համակարգի զարգացման դինամիկան կլինի ավելի կանխատեսելի և միտված կլինի երկբևեռությանը:

Ընտրական համակարգի կայունության համար կարևոր գործոն է նաև ընտրական օրենքի ընդունումը որպես սահմանադրական օրենք, ինչը պահանջում է որակյալ մեծամասնություն, և, հետևաբար, լայն քաղաքական համաձայնությունների քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայեցակարգը խնդիր է դնում նախատեսել տարբերակված արգելապատնեշներ կուսակցությունների և դաշինքների համար, ինչը իր հերթին խթան կարող է հանդիսանալ կուսակցությունների խոշորացման, նման գաղափարական և ծրագրային հենք ունեցող կուսակցությունների միավորման կամ սերտ համագործակցության համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել