Ժամանակակից պատերազմները բավականին փոխվել են իրենց բնույթով: Կարծիք կա, որ ներկայումս պատերազմելու նախկին ձևերը արդեն հնացել են, և ճակատային ոճը պատմության մեջ է մնացել: Ժամանակակից մարտերում առավել կարևոր են շարժունակ և մարտունակ մանր խմբերով, կոնկրետ տեղամասեր զբաղեցնելու նպատակով գրոհները, որտեղ ծանր զրահատեխնիկան իր դիրքերը բավականին զիջել է: Օրինակ, ԻՊ իր ռազմական հաջողությունները հենց կապում է նրա հետ, որ այն փոքր, բայց մարտունակ խմբերով, մեքենաներով արագ գրոհում է և պարտության է մատնում ավանդական կառուցվածք ունեցող Իրաքի բանակին, որը նույնպես ծանր զրահատեխնիկայի վրա է հենում իր գրոհները: Ամեն ինչ խաբուսիկ է: Սիրիական բանակը այս մի քանի տարիների ընթացքում կոտրել է ժամանակակից բանակի մասին բազմաթիվ պատկերացումներ: Վաղուց հայտնի է դարձել, որ ռազմադաշտում, ավելի կոնկրետ՝ բաց դաշտում զրահատանկային զորքերը անուրանալի դեր ունեն, իսկ քաղաքային մարտերի ժամանակ՝ ոչ: Գրոզնի քաղաքի առաջին գրոհները վառ ապացույց են, որ հեշտությամբ կարելի է տանկերը այրել քաղաքի փողոցներում. տանկի տեսանելիությունը քաղաքում ավելի սահմանափակ է, քան  բաց դաշտում: Սիրիական բանակը սովորել է բարդագույն քաղաքային պայմաններում մարտ վարել և հաղթել՝ օգտագործելով նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Սիրիական բանակը կարողանում է թունելներով, բազմաթիվ կրակակետերով, ամրացված դիրքերով լի թաղամասերում հաղթանակներ տանել, այդպիսի դեպքեր գուցե և եղել են, բայց նրանք առաջինն են, որ սովորել են համադրել օդուժը, ցամաքային գրոհային մոբիլ ջոկատները, հրետանին և ամենակարևորը՝ տանկերը: Երբ համացանցում դիտում եմ սիրիական պատերազմից տեսանյութեր, հիանում եմ թե ինչպես նրանք մեկ տարում սովորեցին նախադեպը չունեցող պայմաններում հաղթանակ տանել, այն էլ՝ քաղաքում երկաթե դագաղացու տանկերը գրագետ օգտագործելով: Կարծում եմ, որ սիրիական պատերազմի փորձը պետք է մտնի ռազմական ակադեմիաների դասագրքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել