Կուսակցական հանդիպումները Մարտունու շրջանում մի քիչ բարդ են ստացվում: Համայնքների մի մասում կամ հրաժարվում են հանդիպումներ կազմակերպել, կամ տարբեր պատճառաբանություններ են բերում: Այս անգամ էլ հերթական հանդիպումից մեկ ժամ առաջ զանգահարեցին և ասացին, որ այսինչ պատճառով հանդիպումը չի կայանա: Մենք, այնուամենայնիվ, գնացինք նշված համայնքը: Գյուղամիջում զրուցեցինք բնակիչների հետ, ներկայացրինք կուսակցության ծրագիրը, մեր մոտեցումները տարբեր հարցերի շուրջ, բաժանեցինք քարոզչական նյութեր: Հանդիպումը, ինչպես միշտ պատահում է գյուղերում, ավարտվեց սեղանի շուրջ: Վերջում էլ մեզ շնորհակալություն հայտնեցին իրենց հացը կիսելու համար: 
Ինչ եմ ուզում ասել: Խոչընդոտելով գյուղացիների հետ հանդիպումը՝ խոչընդոտողները նպաստում են մեր կուսակցության ճանաչվածությանն ու հեղինակության աճին: Մարդիկ սկսում են խոսել Ազգային վերածնունդ կուսակցություն մասին, փաստում, որ խոչընդոտել են կուսակցության հանդիպմանը: Սա լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում բնակչության մոտ դեպի մեր կուսակցությունը: Մյուս կողմից, մենք այսպես թե այնպես կազմակերպում ենք մեր հանդիպումը, շփվում մարդկանց հետ և ոչ ֆորմալ ձևաչափն ավելի է օգնում նոր համակիրներ և ընկերներ ձեռք բերել, ինչը, հնարավոր է, չստանայինք ֆորմալ դահլիճային հանդիպումից:
Սա, իհարկե, Մարտունու ոչ բոլոր համայքներին է վերաբերվում: Կան համայնքներ, որտեղ ոչ մի ճնշում կամ ճնշման փորձ չի անցնում: Այդպիսի համայնք է, օրինակ, Շեխերը, որտեղ էլ բավականին արդյունավետ հանդիպում ունեցանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել