Ալեք Ենիգոմշյանի շուրջ բարձրացված արհեստական ու կեղծ աղմուկը վկայում է այն մասին, որ հասարակությունը առաջնորդվում է կարծրատիպային մտածելակերպով՝ առանց կոնկրետ իրավիճակի մեջ խորանալու: Եթե ԱՍԱԼԱ-ի մարտիկ է, ուրեմն բոլոր հարցերում անմեղ է, եթե ոստիկան է, ուրեմն մեղավոր է: Ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեցին նրանք, ովքեր 5 րոպեն մեկ պարբերականությամբ ստատուսներ էին տեղադրում՝ դատապարտելով իրականում գոյություն չունեցող երևույթ:
Այսօր ապացուցվեց, որ ոստիկանները ոչ միայն օգնել են Ենիգոմշյանին փողոցը հատել, այլ նաև տաքսի են կանչել, օգնել են Ենիգոմշյանին իր գտնվելու վայրը բացատրել: Ի դեպ, այս բոլոր գործողությունները ոստիկանության կանոնակարգում չկան: Սա զուտ մարդկային մոտեցում է:
Տարրական քաղաքավարությունը պահանջում է, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր երեկ գոռում և հայհոյում էին փողոցներում, այսօր ներողություն խնդրեն իրենց թյուր տեղեկացվածության համար, ոչ թե փորձեն լղոզել իրականությունը:
Հ.Գ. Օգոստոսին գրել էի եվրոպացի (հույն) ոստիկանների մասին, ովքեր թալանված մարդկանց թողեցին բախտի քմահաճույքին և հրաժարվեցին օգնել, պատճառաբանելով, որ մինչև վերջին եվրոցենտը թալանված մարդիկ 30 եվրո չունեին, որպեսզի տաքսիով հասնեին ոստիկանություն՝ դիմում գրելու, իսկ ոստիկանական մեքենայով տուժողներին հրաժարվեցին տեղափոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել