Մեզ սահմանադրական բարեփոխումներ են սպասվում, ու դրանց շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում, սակայն իրավիճակի զավեշտը նրանում է, որ որքան ուզում եմ ինչ-որ բովանդակային քննարկում, կամ էլ գոնե քննադատություն գտնեմ՝ չեմ կարողանում։

Թեմայից ամենաշատը Եռյակն ու հատկապես ԲՀԿ-ն են աղաղակում, բայց երբ փորձեցի ինչ-որ բան գտնել, բացի պոպուլիզմից ու դեմագոգիայից բան չկարողացա գտնել. միլլիոնավոր աղքատներ ունենք, կոռուպցիայի դեմ է պետք պայքարել, սոցիալական օրհասական մարտահրավերներ են...

Լավ, բա այդպես կլինի՞։ Օրինակ ես՝ շարքային քաղաքացիս, չեմ կարողանում կողմնորոշվեմ, կո՞ղմ լինեմ այդ բարեփոխումներին, թե՞ դեմ, որովհետև ոչ դա պաշտպանողներն են հոդաբաշխ բացատրություն տալիս, թե ինչ առավելություն կտան այդ բարեփոխումները, ոչ էլ, առավել ևս, դեմ հանդես եկողներն են կարողանում բացատրել դրա ռիսկերը։

Այնպիսի տպավորություն է, որ օրինակ ԲՀԿ-ի գետը աղմկում է, որովհետև տղերքն ասում են. «Դե էդքան դուք եղաք, հիմա էլ մեր հերթն ա նախագահ լինելու, դաղալություն մի արեք»։ Ու այդ հիմնական դրդապատճառը քողարկում են իրոք գոյություն ունեցող խնդիրների մասին հիշատակումներով, բայց ոչ մի կերպ չեն բացատրում, թե ինչպես է նոր կամ էլ գործող սահմանադրությունը օգնելու/խանգարելու նույն աղքատության, կամ էլ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին լուծում գտնելու հարցում։

Պարոնայք քաղաքական գործիչներ, բա՛վ է մեզ պոպուլիզմի շիլայով կերակրել, նեղություն քաշեք, խորացեք տվյալ թեմայի մեջ ու հստակ և առարկայական հիմնավորումներով հանդես եկեք, որոնք կարող են լինել կողմ, կարող են լինել դեմ, միայն թե լինեն պրոֆեսիոնալ ու հիմնավորված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել