tert.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են քվեարկելու խորհրդարանական ուժերը ԵՍՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին:
Միանգամից ասեմ, որ ՀՀԿ ու ՀԱԿ խմբակցությունների ներկայացացուչների կարծիքներն ինձ չհետաքրքրեցին, որովհետև այս երկու կուսակցությունների ղեկավարները խնդրի շուրջ արդեն հստակ արտահայտվել են:
Սերժ Սարգսյանն է Մինսկում ստորագրել պայմանագիրը ու կանխատեսվում է, որ խորհրդարանական մեծամասնության 70 պատգամավորները մեկ մարդու նման կհաստատեն իրենց շեֆի ստորագրությունը. կառավարող կուսակցությունում չեմ հիշում որևէ հարց, որի ժամանակ հնչած լինի այլընտրանքային տեսակետ:
Լևոն Տեր-Պետրոսյանը անշրջելի է համարել Հայաստանի եվրասիականացումը, սակայն նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, բացարձակ վերահսկողություն չունի ՀԱԿ խմբակցության վրա: Դրա յոթ անդամներից հինգը կգնան առաջին նախագահի «հետքերով», Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, դեմ կքվեարկի պայմանագրին, Հրանտ Բագրատյանի դիրքորոշումը դժվար կանխատեսելի է:
ՀՅԴ-ն կողմ է արտահայտվել պայմանագրի հաստատմանը:
ԲՀԿ-ն ու ՕԵԿը հասկացրել են, որ առայժմ դիրքորոշում չունեն. չնայած կառավարող կոալիցիայի անդամի կարգավիճակում ՕԵԿ-ը կողմ էր արտահայտվում եվրասիակացմանը, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ ասել է, թե իր կուսակցությունը հակառուսական նախաձեռնությամբ հանդես չի գա: Ինչևէ, համարենք, որ այս խմբակցությունները դեռ չեն կողմորոշվել:
«Ժառանգություն» խմբակցության դե յուրե երեք անդամներ՝ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, ինչես նաև խմբակցությունից հեռացած Խաչատուր Քոքոբելյանը դեմ են քվեարկելու պայմանագրին, անհայտ է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիրքորոշումը:
Անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը միշտ քվերակում է այնպես, ինչպես քվեարկում է մեծամասնությունը, Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը դեռ անհայտ է:
Այսպիսով, այս պահին արդեն կարող ենք արձանագրել, որ ԵՍՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին կողմ են քվեարկելու 81 պատգամավոր:
Ցավոք, այս թիվը միայն կարող է մեծանալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել