1

Ես չեմ գրում, պատմում եմ, ինչպես հայրս… Հա, ինձ մեր չի բերել, ես հորս տղան եմ, ուզում եմ նրա նման լինել… Իմ մեջ թույնը բացակայում է, չգիտեմ՝ օրվա մեջ առաջանո՞ւմ է, որ առաջանում է՝ ի՞նչ է լինում. երևի զայրույթի, բռնկումի, հուզումի հետ դո՞ւրս է գալիս՝ թունազրկվո՞ւմ եմ: Այդպես հայրս էր: Պատմելու ժամանակ ես կենդանանում եմ, այն, ինչի մասին խոսում եմ, ինձ սիրելի է դառնում, ես սիրում եմ կրկին… Այդպես հայրս էր պատմում… Իր ծննդավայր Գավառի Լանջաղբյուրի, իր վարուցանքի, լավագույն հնձվորի օրինակի մասին՝ երկար, մանրամասն…

Այդքան հեշտ եղա՞վ,- հարցնում են,- կանչեց (ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը), դու էլ համաձայնեցի՞ր… Վերցրիր նախարարի նշանակման հրամանագիրն ու գնացիր նրա աշխատասենյա՞կ:

Հա, 1994թ. նոյեմբերի այդ օրը ես Գերագույն խորհրդում նիստի էի… Մոտեցավ ինձ ԳԽ նախագահի մի աշխատակից, փոխանցեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը խնդրում է շտապ զանգել… Ես դուրս եկա դահլիճից. այն ժամանակ արդեն Գերագույն խորհուրդը նիստեր էր անում այսօրվա՝ Բաղրամյան 19 հասցեով շենքում, ՀՀ նախագահի նստավայրն էլ Բաղրամյան 26 շենքն էր… Միջանցքում ինձ սպասում էր իմ վաղամեռիկ, պայծառ ընկերը՝ Էդուարդ Եգորյանը… Այդպես էլ դիմում էր՝ «ընգեր»… Ինձնից երկու կուրս բարձր Էդուարդը, երբ Արցախյան շարժումն սկսվեց, գործող ֆիզիկոս էր, գիտությունների թեկնածու, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, Երևանի Աջափնյակ-Մաշտոցի ՀՀՇ կառույցի ղեկավարը, ԳԽ պատգամավոր, հետո՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀՇ պատգամավորական ֆրակցիայի ղեկավար Գերագույն խորհրդում… Իմ  պայծառ, միշտ սիրելի ընկերը ՀՀՇ-ում… Մինչև մահվան օրը… Մահը, տեսեք, չի բաժանում, հիմա ամեն ինչ լուսավորվեց, կենդանացավ Եգորյան Էդիկի շուրջ…

- Ընկեր,- ասաց,- հիմա քեզ կուղեկցեմ նախագահի նստավայր, ինքը քեզ է սպասում, մի առաջարկ կանի, դու պիտի համաձայնես… Դու չես կարող չհամաձայնել…
Գերագույն խորհրդի  այգում մենք երկար ճեմեցինք, Էդիկը խոսում էր, ներկայացնում, ապացուցում, հաստատում նոր քաղաքական կուրսի անհրաժեշտությունը, դրա փուլերը, դրանում յուրաքանչյուրի, իմ  դերակատարումը. կրկնում եմ, 1994-ի նոյեմբերն էր… Վերջում էլ, թե.
- Ընկեր, գիտե՞ս՝ ինչքան եմ կռվել, համոզել… Անհույս վիճակ է դպրոցներում, գիտես, պիտի գաս՝ հույս տաս, տեղից շարժես… Մենք նոր քաղաքական թիմ ենք ստեղծում: Դու մեջն ես: Դու չէի՞ր երկար խոսում, ներկայացնում, ո՞ւմ համար էիր ասում, արի՝ արա…

Իսկապես, ո՞ւմ համար էի 1994-ի սեպտեմբերից ՀՀՇ վարչության Գերագույն խորհրդի կրթության  ու գիտության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպած հավաքների-նիստերի ժամանակ խոսում, որպես Հայաստանում մեռած դպրոցական կյանքի, Հայաստանով մեկ հաստատված անշարժության այլընտրանք՝ կենդանի գործը ներկայացնում… Ես կրկնում եմ, չէի կարող չհամաձայնել, իմ մասնակցությունը չբերել այդ գործին՝ դպրոցական կյանքի կենդանացմանը… Ճիշտ է նաև, որ ի մեծ ողբերգություն և´ ինձ, և´ Եգորյանի, ՀՀՇ-ի բարեփոխումների նվիրյալների, քաղաքական նոր կուրսի (ես ասում եմ՝ նոր ուղու) ջատագովների՝ քաղաքական նոր թիմը ոչ միայն չձևավորվեց, այլև շատ արագ, 1995թ. Գերագույն խորհրդի ընտրությունների նախապատրաստման փուլում ցաքուցրիվ եղավ… Շատ շուտով Էդուարդ Եգորյանը դարձավ ՀՀՇ-ի և պետության ղեկավարության կողմից հալածյալ, ինչպես երախտահիշատակ վաղամեռիկ Համբարձում Գալստյանը… Էդուարդ Եգորյանն իր ընկերների մեծ խմբի հետ, այդ թվում՝ հայտնի Պետրոս Մակեյանը, թողեց ՀՀՇ-ն և ստեղծեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը… Էդիկին և Համբարձումին իմ օրագրում դուք դեռ կհանդիպեք։

Կրթահամալիրում սովորողների ուսումնական արձակուրդի օրերին՝ հոկտեմբերի 20-24-ը, գործում է մանկավարժական աշխատողների հոկտեմբերյան ամենամյա ճամբարը։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել