Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը դիմել է լրագրողներին՝ Սերժ Սարգսյանի Գյումրի կատարելիք վաղվա այցը բոյկոտելու, չլուսաբանելու կոչով:  ԳԱԼԱ հեռուստաընկերությունն արձագանքել է: Տեքստում, մասնավորապես, կարդում ենք. «Ս. Սարգսյանի մամլո ծառայությունը գյումրեցի լրագրողներին առաջարկել է դպրոցում նկարահանումներ կազմակերպել մինչեւ Ս. Սարգսյանի այցելությունը՝ բացատրելով, որ «դպրոցի միջանցքները նեղլիկ են, եւ շարժվելու հնարավորություն չկա»: Ավելի ուշ «զիջումների» են գնացել՝ ասելով, որ «թույլ տալիս են» միայն հեռվից նկարահանել, թե ինչպես է «նախագահը» մեքենայից իջնում կամ մեքենա նստում… Անչափ շնորհակալ ենք, հրաժարվում ենք լուսաբանել Ձեր նախագահի այցելությունը, ընդհանրապես… : Ես, որպես քաղաքացի, շահագրգռված եմ, որպեսզի տեղեկացված լինեմ հնարավորինս շատ ու բազմակողմանի: Այդ իսկ պատճառով՝ լրատվամիջոցի բոյկոտը չեմ հասկանում, չեմ ընդունում: Հաստատ գտնվելու են «պատասխանատու ԶԼՄ-ներ, որոնք անպայման կլուսաբանեն նախագահի այցն, ընդ որում՝ դրա միայն լուսավոր կողմերը: Այնպես որ՝ մեկ-երկուսի բոյկոտը չի աշխատի, ավելին՝ քաղաքացիները կզրկվեն այլընտրանքային ինֆորմացիա ստանալու հնարավորությունից: Եթե ես լինեի «Ասպարեզի» կամ ԳԱԼԱ-ի խմբագիրների փոխարեն, անպայման լրագրող կուղարկեի ու պատրաստվող ռեպորտաժում կապացուցեի, որ նախագահն ու իշխանություններն անտեսել են աղետի գոտին կամ չեն կատարում իրենց նախընտրական խոստումները, կարձանագրեի նաև փաստերին, եթե, ասենք, նախագահի անվտանգության ծառայությունը խոչընդոտեր լրագրողների աշխատանքը: Հավատացեք՝ դա ավելի արդյունավետ կլիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել