«...Ճգնաժամին գործնական դրսևորում հաղորդելու կառավարման ճգնաժամը ավելի առարկայական դարձնելու համար ընդդիմության կողմից լավագույն քայլը կլինի այն, եթե եռյակի պատգամավորները միաժամանակ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները՝ առաջացնելով սահմանադրական և խորհրդարանական ճգնաժամ: Ճգնաժամ այն իմաստով որ ոչ ԱԺ կանոնակարգ-օրենքը, և ոչ էլ ՀՀ Սահմանադրությունը չեն նախատեսում լուծումներ, երբ խորհրդարանի մի քանի խմբակցությունների անդամ պատգամավորներ հրաժարվում են մանդատներից, և հնարավորություն չկա նրանց փոխարինել նոր պատգամավորներով: Այս իրավիճակում իշխանությունը ստիպված պետք է գնա ոչ ստանդարտ լուծումների, մասնավորապես` խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների կազմակերպման, որն ընդդիմությունը կարող է օգտագործել իր հաղթանակն ամրագրելու համար»,-գրում է «168 ժամ» թերթը:

Տեսականորեն թերթը միանգամայն ճիշտ է, սակայն Եռյակի անդամ պատգամավորները երբեք միաժամանակ վայր չեն դնի մանդատները:
Դրա պատճառները մի քանիսն են:
Նախ, այդ պատգամավորների մի զգալի մասը մանդատով պաշտպանվում է ճիշտ այնպես, ինչպես մեծամասնության շատ ներկայացուցիչներ: Որևէ մեկն ինձ չի կարող ապացուցել, օրինակ, որ ԲՀԿ խմբակցության անդամ Յուվեցի Կարոն ավելի դաստիրակաված կամ կիրթ է, քան նրա «ընդդիմախոս» Շմայիսը:

Երկրորդ, եթե հիմա անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, Եռյակին մաս կազմող երկու կուսակցություններ՝ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը 5%-ի արգելքը հաղթահարելու որևէ շանս չունեն, իսկ ԲՀԿ-ն հազիվ թե իր համամասնական ցուցակի դռները բացի երկու «ազգընտիրների» թիմակիցների համար:

Որակական չափանիշներով՝ խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունն իրարից գրեթե չեն տարբերվում:
Երբ հանրապետականներն ինքնակամ կհրաժարվեն իշխանությունից, այն օրն էլ ես կհավատամ, որ Եռյակի անդամներն ինքնակամ հրաժարվում են մանդատներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել