Արվեստի ցանկացած գլուխգործոցի մեջ էլ ինչ-որ գաղտնիք է ամփոփված։ Այսօր մենք կփորձենք բացահայտել այդ գաղտնիքներից մի քանիսը։ 

10. Սալվադոր Դալիի վրեժը

«Կերպարանք պատուհանի մոտ» գեղանկարը նկարվել է 1925 թ.-ին, երբ Դալին դեռ 21 տարեկան էր։ Այդ ժամանակ Գալան դեռ մուտք չէր գործել նկարչի կյանք, և նրա մուսան քույրը՝ Անա Մարիան էր։ Քրոջ ու եղբոր հարաբերությունները փչացան այն ժամանակ, երբ վերջինս նկարներից մեկի վրա գրեց.

«Ես երբեմն թքում եմ սեփական մորս դիմանկարի վրա, և դա ինձ հաճույք է պատճառում»։

Անա Մարիան չկարողացավ ներել սա։ 1949 թ.-ին լույս տեսավ Անա Մարիայի «Սալվադոր Դալին քրոջ աչքերով» գիրքը։ Այդ գրքում նա առանց որևէ դրվատանքի է պատմում իր եղբոր մասին։ Գիրքը Սալվադորին կատաղության հասցրեց։ Անգամ տասը տարի անց նա դեռ ցասումով էր հիշում քրոջը և առիթը բաց չէր թողնում նրան քննադատելու համար։ Եվ ահա 1954 թ.-ին ստեղծվեց  «Երիտասարդ կույսը, ով սեփական ողջախոհության կոտոշների օգնությամբ տրվում է սոդոմական մեղքին» գեղանկարը։ Ակնհայտ է, որ պատկերված կնոջ դիրքը, նրա խոպոպները, պատուհանից այն կողմ բացված բնապատկերը և գեղանկարի գունային գամման աղերսներ ունեն «Կերպարանք պատուհանի մոտ» գեղանկարի հետ։ Կա մի տեսություն, որի համաձայն Դալին այս կերպ վրեժ է լուծել քրոջից նրա հեղինակած գրքի համար։   

9. Երկերեսանի Դանայան

 

Ռեմբրանտ վան Ռեյն, «Դանայա», 1636 — 1647

Ռեմբրանտի գեղանկարներից մեկի՝ «Դանայայի» բազում գաղտնիքներից շատերը բացահայտվել են ХХ  դարի 60-ականներին, երբ կտավը լուսավորեցին ռենտգենյան ճառագայթներով։ Պարզվեց, որ նկարի ավելի վաղ տարբերակում Զևսի հետ սիրային կապի մեջ մտած արքայադստեր դեմքը նման էր Սասկիյայի դեմքին։ Սասկիյան գեղանկարչի կինն էր, ով մահացել է 1642 թ.-ին։ Գեղանկարի վերջնական տարբերակում հերոսուհու դեմքը նմանվել էր Գերտյե Դիրքսի դեմքին։ Գերտյեն Ռեմբրանտի սիրուհին էր, ում հետ նկարիչն ապրում էր կնոջ մահից հետո։

8. Վան Գոգի դեղին ննջարանը

Վինսենթ վան Գոգ, «Ննջասենյակ Արլում», 1888 — 1889

1888 թ.-ին Վինսենթ վան Գոգը Ֆրանսիայի Արլ քաղաքում մի փոքրիկ արվեստանոց ձեռք բերեց, որտեղ նա խույս տվեց Փարիզի նկարիչներից ու քննադատներից, ովքեր չէին հասկանում իրեն։ Վինսենթը ննջարանի վերածեց արվեստանոցի 4 սենյակներից մեկը։ Հոկտեմբերին ննջարանի նորոգման աշխատանքներն ավարտվել էին, և նա որոշեց նկարել «Վան Գոգի ննջասենյակն Արլում» գեղանկարը։ Նկարչի համար շատ կարևոր էր սենյակի կոլորիտն ու հարմարավետությունը. այստեղ ամեն ինչ պետք է տրամադրեր հանգստի։ Գեղանկարում գերիշխում են դեղին երանգները։

Վան Գոգի արվեստն ուսումնասիրողները բացատրում են սա այն հանգամանքով, որ նկարիչն ընդունում էր մատնոցուկ (էպիլեպսիկներին նշանակվող դեղամիջոց), որը հիվանդի մոտ գույնի ընկալման զգալի խանգարումներ է առաջացնում. հիվանդի աչքերում շրջակա աշխարհը պատվում է դեղնականաչավուն երանգներով։   

7. Անատամ կատարելություն

 

Լեոնարդո դա Վինչի, «Ջոկոնդա», 1503 — 1519

Այս դիմանկարի մասին ընդունված է այն կարծիքը, որ նրա ժպիտը սքանչելի է իր հանելուկայնությամբ։ Այնինչ ամերիկացի արվեստաբան և ատամնաբույժ Ջոզեֆ Բորկովսկին համարում է, որ, դատելով դեմքի արտահայտությունից, հերոսուհին զրկվել է իր շատ ատամներից։ Ուսումնասիրելով այս գլուխգործոցի խոշորացված լուսանկարները՝ Բորկովսկին նաև սպիեր է հայտնաբերել նրա բերանի շուրջ։ Բորկովսկին նշել է.

- Նա այդպես է ժպտում իր հետ կատարվածի պատճառով։ Նրա դեմքի արտահայտությունը դիմացի ատամներից զրկված մարդկանց է բնորոշ։

6. Մայորը ֆեյսկոնտրոլի ժամանակ

Պավել Ֆեդոտով «Մայորի խնամախոսությունը», 1848

Երբ «Մայորի խնամախոսությունը» գեղանկարը առաջին անգամ ներկայացվեց հանրության դատին, այն սրտաբուխ ծիծաղ առաջացրեց։ Նկարիչ Ֆեդոտովը նկարը հագեցրել էր հեգնական մանրամասներով, որոնք ընկալելի էին այն ժամանակվա հանդիսատեսի համար։ Օրինակ՝ մայորը ակնհայտորեն ծանոթ չէ պալատական էթիկետի կանոններին. նա ներկայացել է առանց ծաղկափնջերի, որոնք սովորաբար նման առիթներին նվիրվում են հարսնացուին ու նրա մայրիկին։ Հարսնացուի վաճառական ծնողները զուգել էին նրան երեկոյան պարահանդեսային զգեստով, թեպետ դեռ ցերեկ է (սենյակի բոլոր ջահերն անջատված են)։ Ակնհայտ  է, որ աղջիկն առաջին անգամ է լանջաբացվածքով զգեստ հագնում, շփոթված է ու ցանկանում է իր սենյակ փախչել։ 

Շարունակելի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել