Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր պետական ԲՈՒՀ-երում կատարվում է տոտալ կուսակցականացում: Ուսխորհուրդների կազմը դրա լավագույն ապացույցն է, դրանք համալրվում են ճնշող մեծամասնությամբ իշխանական կուսակցության ուսանող-անդամներով կամ, հակառակը, Ոսւխորհուրդները համալրելուց հետո նրանք ակտիվորեն կուսակցականացվում են:
ՀՀԿ-ն այսպիսով յուրահատուկ մեխանիզմ է ստեղծել` վերահսկողության տակ պահելու ուսանողությանը:
Եվ նույն ՀՀԿ-ն մշտապես շատ ծանր է տանում այն փաստը, երբ տարբեր պատգամավորներ ԱԺ-ում ելույթների միջոցով բարձրաձայնում են այդ մասին:
Այսօր էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հակադարձել է Նաիրա Զոհրաբյանին, որը խոսում էր արդեն սիմվոլիկ դարձած «սաքուլիկների» մասին: Ի դեպ, այդ մասին միայն Նաիրա Զոհրաբյանը չէ, որ խոսում է: ԲՈՒՀ-երում «սաքուլիկների» և սաքուլիկացման մասին այսօր բոլորն են խոսում: Բայց Արմեն Աշոտյանը հերթական անգամ հատկապես ծանր է տանում հենց Նաիրա Զոհրաբյանի ելույթը և տրտնջում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը արդեն խոսել էր այդ մասին:
Պարոն Աշոտյան, ըստ ձեզ՝ սուր խնդիրները պետք է միայն մե՞կ անգամ բարձրաձայնվեն ու դրանից հետո պետք է մոռացությա՞ն տրվեն: Հասկանալի է, որ դա ձեզ համար լավագույն տարբերակը կլիներ, բայց բարեբախտաբար այդպես չէ: Ծանր տանելու և նյարդային վիճակների մեջ ընկնելու փոխարեն ավելի լավ է իրապես զբաղվեք ոլորտով և ինքներդ բացահայտեք ու կանխարգելեք այն դեպքերը, որոնցում գլխավոր հերոսները «սաքուլիկներն» են, ոչ թե նեղսրտեք, որ պատգամավորը տեղին հարցեր է բարձրաձայնում ԱԺ ամբիոնից: Ո՞վ չգիտի, որ այսօր պետական բուհերում համապարփակ սաքուլիկացում է կատարվում: Ի վերջո Դուք էլ հենց ԲՈՒՀ-ից հանկարծ համալրեցիք հարազատ կուսակցության շարքերը և գոնե Դուք պետք է այդ մասին քաջատեղյակ լինեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել