Մասնագիտությունիցս ելնելով՝ տարբեր հարցերի ու համակարգերի սովոր եմ նայել մարդու, անատոմիայի, ֆիզիոլոգիայի և բժշկության տեսանկյունից։ Իմ կարծիքով՝ եթե կատարյալ կամ կատարյալին մոտ համակարգ ենք ուզում ստեղծել, որը նաև ինքնազարգացման, ինքնակատարելագործման և հարատևման ուղի պիտի ունենա, ապա պետք է օրինակում որպես հիմք վերցնենք մարդու օրգանիզմը։ 
Ըստ այդմ, պետությունը, ազգը, հասարակությունը... այդ տեսանկյունից դիտարկելով՝ կարելի է պնդել, որ մտավորականությունը ազգի, պետության ուղեղն է, ավելի կոնկրետ՝ ուղեղի կեղևը, որը պատասխանատու է բարդ հաշվարկների, մտածողության համար և համարվում է բարձրագույն անալիտիկ կենտրոն։
Հայտնի փաստ է, եթե ուղեղի կեղևը մեռնում է, մարդ վեր է ածվում անասունի և ի վիճակի է անգամ խոտ արածելու չորքոտանու պես։ Ասելս ի՞նչ է։ Ազգի, պետության մեջ եթե նկատում եք անասնական բարքեր կամ ազգից, հասարակությունից անասունի վերածման միտումներ, ապա կարելի է ենթադրել, որ ուղեղի կեղևը մտավորականությունն է կամ ապականված, կամ մեռած...
Խորհենք էս ուղղությամբ։ Խորհենք, նայելով էսօր որպես մտավորական աճեցվող երևույթներին, այդ թվում և գրականության, երգի, պարի ասպարեզում, մշակույթի, գիտության ասպարեզներում... խորհենք, և շատ բան պարզ կլինի, բայց միայն դա քիչ է, անելիք ունենք այդ ուղղությամբ, մասնավորապես՝ մտավորականությանը խելքի բերելու... մի քիչ աբսուրդ է հնչում, բայց իրականությունն է, մենք կարիք ունենք մտավորականությանը խելքի բերելու, այլապես անասունի կվերածվի մեր հասարակությունը.... իսկ դրա միտումներին, կարծում եմ, շատերդ ականատես եք լինում անգամ եթերից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել